Եթե կհաջողվի հայթայթել ֆինանսավորում, ապա կգնանք առաջ, եթե չհաջողվի, օրենքը չի ընդունվի. Հարությունյան
«Ես չեմ հիշում, որ մենք նախկինում մի օրենքի նախագիծ ընդունած լինենք, որը պայմանավորելու ենք դոնորի ֆինանսավորումով։ Ես նման բան չեմ հիշում», -այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Պատգամավորը փորձեց հասկանալ, թե միջազգային պրակտիկայում կա՞ իրեն հարգող պետություն, որը օրենքներ է ընդունում՝ դա պայմանավորելով դոնորների կողմից ֆինանսավորումից։
Ի պատասխան օրինագծի հիմնական զեկուցող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ փաստ է՝ այս տարվա բյուջեով նման բան նախատեսված չէ։
«Եթե կհաջողվի հայթայթել ֆինանսավորում, ապա կգնանք առաջ, եթե չհաջողվի, օրենքը չի ընդունվի։ Նշեմ, որ իրավական ակտերը կարող են պայմանավորված լինել կոնկրետ օրացույցային ժամկետներով ու իրադարձություններով։ Այս նախագծով նշված է որոշակի իրադարձությունը։ Սա շատ բնական գործընթաց է», -հավելեց Հարությունյանը։
Պատգամավորը հետաքրրվեց, թե եղե՞լ է Հայաստանում նախադեպ, որ օրենք է ընդունվել, որը բյուջեով նախատեսված չի եղել, բայց դա պայմանավորել ենք դոնորների ֆինանսավորմամբ, հակառակ դեպքում դա կչեղարկվի։
Հարությունյանը պատասխանեց, որ չի հիշում նման դեպք, բայց միաժամանակ նկատեց, որ կան օրենքներ, որոնք չեն գործում, քանի որ դրանց համար բյուջեից ֆինանսավորում չկա։
Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի միջև համաձայնության ադյունքում Ընտրական օրենսգրքում կատարվել էին փոփոխություններ, որոնց համաձայն, խորհդարանական ընտրություններից առաջ նախագրանցում կատարելու համար անհրաժեշտ է ձեռք բերել տեխնիկական միջոցներ, ինչի համար պահանջվում է 16 մլն եվրո։ Այդ գումարները կառավարությունը ձեռք բերելու համար բնաակցություններ է վարում դոնոր կազմակերպությունների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չկա. Զուրաբյան
- Համաձայնեցված ԸՕ-ի ճակատագիրը կախված է ֆինանսներից