Քաղաքական 20:09 27/06/2016 Հայաստան

Եվրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետ կանգնելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից. Շ.Քոչարյան

Հավատում ենք, որ Հռոմի Պապի այցը Հայաստան, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերին, Վրաստան և Ադրբեջան, հանդուրժողականության և խաղաղության խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան,- գերմանական «Die Tagespost» թերթին տված հարցազրուցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացրել է հարցազրույցը. 

Die Tagespost- Հայաստանը ընդունել է քրիստոնեություն 301 թվականին որպես իր պետության և ժողովրդի կրոն: Ինչպե՞ս կնկարագրեիք Քրիստոնեական հավատի դերը Հայաստանի այսօրվա ինքնության մեջ:

Քոչարյան- Քրիստոնեությունը, կրոն լինելուց զատ, պետք է դիտարկվի նաև որպես արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարության ակունքներում: 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու փաստը առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Ինչպես վկայել է պատմությունը, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ հայոց ինքնության անբաժանելի մասը, և պայմանավորված արտաքին ուժերի ճնշման պայմաններում այդ ինքնության պահպանման համար պայքարը վերածվեց նաև պայքարի հանուն արժեհամակարգի և քրիստոնեական հավատի:

Die Tagespost- Պատմության գրեթե ողջ ընթացքում Հայաստանին սպառնացել են հարևան գերիշխող ուժերը: Ինչպե՞ս է հայոց ազգային ինքնությանը հաջողվել դիմակայել:

Քոչարյան- Չափազանցություն չի լինի, եթե այսօր աշխարհում գոյություն ունեցող ժողովուրդներին համեմատենք սառցալեռի երևացող հատվածի հետ: Բազմաթիվ ժողովուրդներ վերացել և վերանում են՝ առաջին հերթին պայմանավորված ոչ թե ֆիզիկական վերացման, այլ ինքնության կորուստի և այլ ժողովուրդներին ձուլվելու հետ:

Չնայած տարբեր հզոր տերությունների ավերիչ արշավների և տիրապետության՝ հայոց ինքնությունը պահպանվել է քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնության պահպանմանն ուղղված իր պայքարի շնորհիվ:

Die Tagespost- Արդյո՞ք այսօր նույնպես Հայաստանը գոյատևման պայքար է մղում, հրահրված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հարցում:

Քոչարյան- Հայկական տարբեր պետություններ են գոյություն ունեցել հայ ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում: Եղել են նաև տևական ժամանակահատվածներ, երբ հայությունը զուրկ է եղել սեփական անկախ պետությունից: 20-րդ դարում հայ ժողովրդին բացառիկ հնարավորություն ընձեռնվեց երկու անգամ անկախանալու: 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երեք տարի և պարտադրաբար դարձավ բոլշևիկյան Ռուսաստանի մաս՝ ֆեդերատիվ սուբյեկտի կարգավիճակով:

Որպես պատմական Հայաստանի մաս Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների կողմից հիշատակվող Լեռնային Ղարաբաղը (Արցախը) 1918-1921թթ. ուներ սուվերենության բոլոր ատրիբուտները և Ազգերի Լիգայի կողմից ճանաչվել էր որպես վիճելի տարածք: 1921թ. բոլշևիկյան կուսակցական մարմնի որոշումով, ի հակառակ Արցախի ժողովրդի ցանկության, Լեռնային Ղարաբաղը ներառվեց խորհրդայնացված Ադրբեջանի կազմում:

1991թ.՝ դեռևս Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում, և Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում լիովին համապատասխան միջազգային իրավունքին և Խորհրդային Միության սահմանադրությանը, տեղի ունեցան հանրաքվեներ, որոնց հիման վրա ձևավորվեցին ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ԽՍՀՄ փլուզումից հետո երկու Հայոց պետություններն առաջնորդվում են ժողովրդավարական ուղիով իրենց զարգացումն ապահովելու քաղաքականությամբ: Լեռնային Ղարաբաղն ունի լրացուցիչ խնդիր՝ պայմանավորված 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից ինքնորոշված ԼՂ դեմ ծավալված ագրեսիայի հետևանքները վերացնելու հետ, Ադրբեջանի կողմից ԼՂ հետ շփման գծում մշտական լարվածության պահպանմամբ և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի հետ, ինչի ականատեսը եղանք այս տարվա ապրիլի առաջին օրերին:

ԼՂՀ նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր ողջ կարողություններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձգտում է միջազգային ճանաչմանը, սակայն դեռևս որևէ պետություն, այդ թվում նաև՝ ՀՀ-ն, դե-յուրե չի ճանաչել ԼՂՀ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը չտապալելու համար: Այդ գործընթացի հիմնական տարրերից մեկն է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի զորամիավորումների կողմից իրականացված բարբարոսությունները՝ Լեռնային Ղարաբաղի դպրոցների հրետակոծումը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են աշակերտներ, Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձանց, ներառյալ՝ 92-ամյա կնոջ, դաժան կտտանքների ենթարկվելը և սպանվելը, ԼՂ զինված ուժերի գերևարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատելը, ինչպես նաև նմանօրինակ պատերազմական հանցագործներին Ադրբեջանի նախագահի մակարդակով պարգևատրելը, բացահայտեցին, որ ինչու Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ, հայտարարելով, որ Հայաստանի տարածքները բաժանում են Թուրքիան և Ադրբեջանը, և որ դրանց պատկանելությունը Հայաստանին պատմական անարդարություն է:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն Լեռնային Ղարաբաղի հարցում լիարժեք սատարում է Ադրբեջանին:

Die Tagespost- Որքա՞ն վատթարացած են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև՝ պատմության և թուրք-ադրբեջանական գործընկերության պատճառով:

Քոչարյան- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք. առաջինը՝ 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, ի սատարումն Ադրբեջանի՝ Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության, միակողմանի փակել է Հայաստանի հետ իր սահմանը: Դրանով, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է Եվրոպայի միակ փակ սահմանը:

Հայաստանի նախաձեռնությամբ և միջնորդ պետությունների աջակցությամբ մշակվեցին և 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները: Արձանագրությունները ուղղված էին առանց նախապայմանների քայլ առ քայլ երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Սակայն Թուրքիայի իշխանությունները, առաջ քաշելով նախապայմաններ՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտողականության և Ղարաբաղի հարցում պրո-ադրբեջանական պահանջներ ներկայացնելու հետ, տապալեցին արձանագրությունների վավերացումը: Արդյունքում Թուրքիան, սատարելով Ադրբեջանին, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը և իր հայտարարություններով ավելի է կոշտացնում Ադրբեջանի՝ առանց այն էլ ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Իսկ Ադրբեջանը, իր հերթին, նույնիսկ ավելի կատաղի է ժխտում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության իրողությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, ի պատասխան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ բնակավայրերում իրականացված հայ բնակչության դեմ ջարդերով և էթնիկ զտումներով ապացուցեց, որ հանդիսանում է Օսմանյան կայսրության՝ հայերի դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության շարունակողը:

Այդ համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարը իր երկրի համար մեկ թշնամի է հայտարարել աշխարհի ողջ հայությանը, և հերոսացնում ու պարգևատրում է հայերին սպանած հանցագործներին, ինչը տեղի ունեցավ Բուդապեշտում ՆԱՏՕ զորավարժությունների ժամանակ քնած հայ սպային կացնահարած և ապրիլյան ագրեսիայի ժամանակ գերեվարված հայ զինվորին գլխատած մարդասպանների դեպքում:

Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականությունից հրաժարվելուն հետ մեկտեղ, ստուգում էր Թուրքիայի իրական պատրաստվածությունը Եվրոպայի հետ ինտեգրվելու, Եվրոպական արժեհամակարգը ընդունելու հարցում: Պատահական չէ, որ այդ քննության տապալումը համընկավ Եվրոպական ուղուց Թուրքիայի նահանջով:

Die Tagespost- Այսօր ի՞նչ դեր ունի ցեղասպանությունը հայերի ինքնության հարցում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

Քոչարյան- Ցեղասպանության զոհ դարձան մեկուկես միլիոն հայեր և հարյուր հազարավորներ հայրենազրկվեցին՝ սփռվելով աշխարհով մեկ: Եվ այսօր գրեթե չկա հայ, որի վրա այս կամ այն եղանակով ազդեցություն չի թողել ցեղասպանություն: Ցեղասպանության ցավը ավելի է խորանում այն պատճառով, որ մենք առ այսօր առերեսվում ենք դրա ժխտողականությանը:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հավատում է, որ իրականացված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը անհրաժեշտ է ոչ միայն ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար՝ որպես արդարության վերականգնում, այլ նաև ողջ մարդկությանը, քանի որ ուղղված է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Պատահական չէ, որ Հայաստանը նախաձեռնեց` Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի կոնսենսուսով ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին յոթ տասնյակից ավելի երկրներ և որի առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի ԳԱ-ն դեկտեմբերի 9-ը հռչակեց՝ որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Բանաձևը ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը դիտում է որպես ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլերին լուրջ խոչընդոտ:

Նույն նպատակին է ծառայում նաև Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում մեկնարկած և պարբերական բնույթ ստացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը վերածվել է ոլորտի մասնագետների և տաբեր երկրների ներկայացուցիչների միջև այդ հիմնախնդրի վերաբերյալ մտքերի փոխանակման հարթակի:

Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը, ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին, համոզված է, որ, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական:

Die Tagespost- Ռուսաստանը, կարծես թե, հանդիսանում է Հայաստանին պաշտպանող ուժը: Սակայն միևնույն ժամանակ, Մոսկվան նպաստում է Ադրբեջանի զինմանը: Ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում:

Քոչարյան- Նախ ընդգծենք, որ պաշտպանության և անվտանգության հարցերում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ապավինում են առաջին հերթին սեփական ուժերին: Միևնույն ժամանակ Հայաստանը տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ իր համագործակցության խորացումը դիտարկում է՝ որպես զսպող գործոն տարածաշրջանում կայունության խախտման դեմ: Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Ռուսաստանը Հարավային Կովկասն ավանդապես համարում է իր ազդեցության գոտին և փորձում է իր շահերից բխող հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանի երկրների հետ: Հավասարակշռված քաղաքականություն վարելը բխում է նաև իր ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը:

Ռուսաստանի միջնորդությամբ էր, որ 1994թ. մայիսին կնքվեց եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հիմքը: Այդ զինադադարը խախտվեց այս ապրիլին՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնած ագրեսիայով: Եվ կրկին Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ վերականգնելու 1994թ զինադադարի ռեժիմը:

Die Tagespost- Ի՞նչ քայլեր եք ակնկալում Եվրոպայից՝ կայունության և հայերի ինքնորոշման առնչությամբ:

Քոչարյան- 1991 թվականից ինքնորոշված հայկական երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բարձր են գնահատում Եվրոպական երկրների դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու առնչությամբ: Միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի միջազգային հանրության արձագանքը տարածաշրջանում իրադրության սրման վերաբերյալ լինի հասցեական: Քանի որ Ադրբեջանը ընկալում է Եվրոպական արժեհամակարգին բնորոշ հանդուրժողական հայտարարությունները՝ որպես քարտ-բլանշ իր անհանդուրժող քաղաքականության համար: Հենց այդ ընկալումն էր ընկած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ ծանր զինտեխնիկայի, հրետանու, օդուժի կիրառմամբ վերջին լայնածավալ ագրեսիա սանձազերծման հիմքում:

Եվրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետ կանգնելու մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: Այդ պայմանավորվածություններով նախատեսված ԵԱՀԿ օժանդակությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հետաքննությունների մեխանիզմի ներդրումը հնարավորություն կընձեռնի բացահայտել յուրաքանչյուր միջադեպի դեպքում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողին:

Տվյալ մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային թիմի և կարողությունների ավելացումը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և նոր ռազմական գործողությունների բացառմանը, ինչն անհրաժեշտ պայման է բանակցային գործընթացն արդյունավետ իրականացնելու համար:

Die Tagespost- Ի՞նչ եք ցանկանում և ակնկալում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելությունից:

Քոչարյան- Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը ունի համաքրիստոնեական նշանակություն, քանի որ դա այց է առաջին քրիստոնեական երկիր:

Այն խանդավառությունը, որով հայ ժողովուրդը սպասում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարի ապրիլի 12-ին՝ Սբ. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ ընթացքում, Կաթոլիկ առաջնորդը կիսեց հայ ժողովրդի ցավը՝ կոչ անելով Թուրքիային առերեսվելու իր պատմությանը և իր հարգանքը մատուցելու Հայոց ցեղասպանության ժառանգներին:

Այս այցը նաև առիթ է մեր ողջ ժողովրդի համար, Հայաստանում և Սփյուռքում, մեր երախտագիտությունը հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանության հարցում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար, որը դրսևորվել էր նախքան նրա՝ Հռոմի Պապ ընտրվելը:

Միաժամանակ, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, և, մասնավորապես, Ավստրիային, որի խորհրդարանը 2015թ. ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, համապատասխան բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Die Tagespost- Կարո՞ղ է արդյոք Հռոմի Պապը, ով նաև սեպտեմբերին այցելելու է Վրաստան և Ադրբեջան, նպաստել հարևան երկրների միջև հաշտեցմանը:

Քոչարյան- Որքան էլ որ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը տալ կրոնական բնույթ, դա այդպես չէ. դրա էության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրացման հայտը՝ տնօրինելու իր ճակատագիրը և ապագան, և Ադրբեջանի պատասխանը՝ արտահայտված բռնություններով, էթնիկ զտումներով և լայնամասշտաբ պատերազմով:

Հավատում ենք, որ Հռոմի Պապի այցը Հայաստան, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերին, Վրաստան և Ադրբեջան, հանդուրժողականության և խաղաղության խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}