Ի՞նչն է խանգարում, որ լարախաղացությանը մշակույթի նախարարությունը ուշադրություն չի դարձնում. գրող-լարախաղաց
«Եթե չկարողանանք համախմբել, պետականորեն ուշադրություն դարձնել, մշակույթի այս ճյուղը՝ լարախաղացությունը, շատ շուտով կվերանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց 55 տարի լարախաղացությամբ զբաղվող Վլադիմիր Հակոբյանն, ով նաև Արցախյան ազատամարտի մասնակից է:
Լարախաղացի խոսքով՝ արվեստի այս ճյուղը պետք է մշակույթի նախարարության ուշադրության տակ լինի. «Ի՞նչն է խանգարում նրանց, միայն երգել պարելով չի, պետք է մշակույթի ամեն ճյուղին էլ պետականորեն աջակցել»:
Յոթ երեխաների հայր Վլադիմիր Հակոբյանը նշեց, որ շրջում է Հայաստանի գյուղերով և քաղաքներով, ներկայացնում իր արվեստը, որի միջոցով էլ վաստակում է ապրուստը. «Տան երես չեմ տեսնում, երեխաներս կարոտով են ինձ սպասում: Եթե տարածք, նյութական միջոցներ, աշխատավարձ ունենայի, կդասվանդեի և իմացածս կփոխանցեի երեխաներին, ովքեր հետաքրքրված են լարախաղացությամբ»:
Շուտով 70-ամյակը բոլորող լարախաղացը ութ գրքի հեղինակ է նաև, որտեղ հիմնականում պատմում է Հայաստանում և Արցախում իր շրջագայությունների մասին. «Գրքերս ձեռքիս շրջում եմ, վաճառում: Պատրաստվում եմ նոր գիրք գրել, որտեղ կանդրադառնամ ապրիլյան պատերազմին և Հռոմի պապի այցին»:
Վլադիմիր Հակոբյանը նաև Հանրապետության նախագահի կողմից 2015 թվականին մրցանակի է արժանացել. «Մրացանակն ավելի պարտավորեցնող էր, որ պետք շարունակեմ ավելի լավ աշխատել, անկախ պայմաններից»: