«Ժառանգություն»-ը դատապարտում է ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ համաձայնագիրը
«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել այսօր մեկնարկելիք ԱԺ օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի մասին: Կուսակցությունը դատապարտում է համաձայնագիրը, այն որակում «խայտառակ» կոչ է անում ԱԺ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել դրան:
«Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: Այսինքն՝ խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցերում (Հայաստանի և Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ) որոշումներն, ըստ էության, կայացնելու է Ռուսաստանը:
Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերջին փշրանքներն օտար պետության հանձնելու փորձ է, այն էլ՝ այնպիսի պետության, որի կողմից թշնամի Ադրբեջանին ավելի քան 5 մլրդ դոլարի նորագույն հարձակվողական սպառազինությունների մատակարարման արդյունքում Բաքուն համարձակվեց պատերազմական գործողություններ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ պատճառելով մարդկային և տարածքային զգալի կորուստներ:
Միայն հայ ժողովրդի վճռականության ու հայ զինվորների հերոսական դիմադրության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել թշնամու շոշափելի առաջխաղացումը և խափանել նրա հեռահար ծրագրերը: Անգամ այս ամենից հետո Ռուսաստանն իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեց, որ շարունակելու է սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին: Մինչդեռ Հայաստանին ընդամենը 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարումը շարունակաբար ձգձգում է՝ փոխարենը, թեկուզ ոչ պաշտոնապես, պայմանավորվելով այս խայտառակ պայմանագրի կնքմամբ:
Հայաստանի և Արցախի հանրապետությունների միասնական հակաօդային պաշտպանության համակարգն ի զորու է չեզոքացնելու Ադրբեջանի առավելությունը՝ ոչնչացնելով նրա օդուժը:
Փաստորեն հայկական ՀՕՊ-ի կառավարումը հանձնվում է մի պետության, որը չի կարող դիտարկվել որպես վստահելի դաշնակից, ավելին՝ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանի հաջորդ հարձակման ժամանակ Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգի մասին պայմանագիր ստորագրած Հայաստանը կկարողանա կիրառել իր ՀՕՊ-ը Արցախի երկինքը պաշտպանելու նպատակով, քանի որ Ռուսաստանը համարում է Արցախն Ադրբեջանի մաս», -ասվա է կուսակցության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան