Իրանում անընդունելի են համարում երկաթգծի ֆինանսավորման հարցը շանտաժի առարկա դարձնելու Ադրբեջանի փորձերը
Թեհրանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Ադրբեջանի միջազգային բանկը» Իրան-Ադրբեջան երկաթգծի Ռաշթ-Ասթարա հատվածի կառուցման նպատակով 500 միլիոն դոլար վարկ պետք է տրամադրի:
Իրանական ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակներն այս օրերին ակտիվորեն քննարկում են այն հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար, որ Իրանի պես հզոր երկիրը վարկ վերցնի Ադրբեջանից, և դա հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի խորհրդարանում վարկի տրամադրման հետ կապված քննարկումների ժամանակ պատգամավորները խիստ քննադատել են Իրանի իշխանություններին՝ հայտարարելով, որ եթե «Թեհրանն իրոք ցանկանում է Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենալ, ապա Ռոհանին պետք է հրաժարվի Հայաստան մեկնելու որոշումից»:
Իրանի փորձագիտական շրջանակները պարզապես անընդունելի են համարում Ադրբեջանի շանտաժը՝ վրդովմունք հայտնելով, որ եթե Ադրբեջանը վարկ է տրամադրում, ապա Իրանը չպետք է այնպիսի քայլեր կատարի, որպեսզի չզայրացնի Ադրբեջանին:
Ադրբեջանի քայլերը հատկապես զայրույթ է առաջացրել Իրանում ապրող թյուրքալեզու ատրպատականցիների շրջանում:
Պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքը, հիշեցնելով տարիներ շարունակ Իմամ Խոմեյնիի անվան բարեգործական կոմիտեի միջոցով Ադրբեջանին տրամադրված ահռելի ֆինանսական աջակցությունը, գրում է, որ Ղազվին-Ռաշտ-Ասթարա երկաթգծի շինարարության նպատակով Իրանի ներսում հայրենասեր ատրպատականցիների միջոցներով էլ հնարավոր կլինի հավաքել այդ 500 միլիոն դոլարը և Ադրբեջանի կարիքն ընդհանրապես չկա:
Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանության տարբեր օղակների կողմից Իրանի դեմ իրականացվող հարձակումներից հետո Իրանում եկել են այն համոզմանը, որ Ադրբեջանի հետ պարզապես հնարավոր չէ երկարաժամկետ ծրագրեր իրականացնել:
Ոչ վաղ անցյալում ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին էր իր նախընտրական քարոզարշավում հայտարարել, որ Ադրբեջանը սպառնում է Իրանի շահերին:
Իսկ օրերս ԻՀՊԿ նախկին գեներալ, Արդաբիլի նախկին նահանգապետ Մանսուր Հաղիղաթփուրն այսպես էր պատասխանել ադրբեջանական շանտաժին. «Իրանի ազգային շահերն Ադրբեջանի հետ կապ չունեն, Իրանի համար Ադրբեջանի փոխարեն Հյուսիս-հարավ միջանցքը կապող երկիրը կարող է Հայաստանը դառնա»:
Հեղինակ Արմեն Իսրայելյան, իրանագետ