Ֆրանցիսկոս պապը ղարաբաղյան կարգավորման մասին. «Չգիտեմ էլ ինչ ասեմ…»
«Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարտության մասին, ինչ ես տեսել եմ (Հայաստանում), ինչ ես զգացել եմ, և ես նրանց նույնպես կքաջալերեմ», - ասել է Ֆրանցիսկոս պապը Հայաստանից դեպի Հռոմ թռիչքի ընթացքում պատասխանելով «Նովել դ՛Արմենի» պարբերականի լրագրող Ջեանին Փալուլյանի հարցին, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Սրբազան Քահանայապետի տեսլականին։
Երևան-Հռոմ թռիչքի ընթացքում կազմակերպված ասուլիսի ընթացքում ի թիվս բազում այլ թեմաների Պապը խոսել է եռօրյա այցից ստացած իր տպավորությունների, դեպի Ադրբեջան և Լեհաստան գալիք այցելությունների, քրիստոնեական միության, եկեղեցու վերափոխման և նախկին պապ Բենեդիկտոս 16-րդի դերի մասին։
«Նովել դ՛Արմենի» պարբերականի լրագրող Ջեանին Փալուլյանը հարցրել է Հռոմի պապին, թե ինչ կոնկրետ քայլ կանի նա մի քանի շաբաթ հետո Ադրբեջան կատարելիք այցելության ընթացքում։
Ֆրանցիսկոս պապը պատասխանել է. «Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարտության մասին, ինչ ես տեսել եմ (Հայաստանում), ինչ ես զգացել եմ, և ես նրանց նույնպես կքաջալերեմ։ Ես հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ և խոսել եմ նրա հետ…. (2015թ մարտի 6-ին – Panorama.am) Ես Ձեզ ասեմ նաև, որ փոքր հողակտորի հետ կապված խաղաղություն չկնքելը լավ հեռանկար չէ, դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ Ես սա ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին։ Հավանաբար, նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության հասնելու ճանապարհների շուրջ և այստեղ նրանք աշխատանք ունեն անելու։ Չգիտեմ էլ ինչ ասեմ… Ես կասեմ այն ամենն ինչ կա իմ սրտում այդ պահին, միշտ դրականորեն նայելով ամեն ինչին և կայուն լուծումներ գտնելու ակնկալիքով` առաջ շարժվելու համար»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիան, որը սկսվել էր ս.թ. ապրիլի 2-ին, ավարտվել էր չորս օր անց, ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպմանը ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունքում:
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1993թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միաձայն ընդունել է չորս բանաձևեր, որոնք կոչ են անում հաստատել «արդյունավետ և մշտական» հրադադարի ռեժիմ և «անհապաղ իրականացնել հրատապ և փոխադարձ միջոցառումներ» այդ ուղղությամբ: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դրական են արձագանքել ընդունված բոլոր բանաձևերին (822, 853, 874, 884), մինչդեռ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել ընդունված վերջին՝ 884 բանաձևին և տարիներ շարունակ աղավաղել է այդ փաստաթղթերի կարևորագույն պահանջները:
Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել նախագիծը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել և իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ:
Ի տարբերություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը բազմիցս մերժել է այս առաջարկները: Հունիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջնականապես մերժել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համանախագահների և ՌԴ նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները. «Այս փուլում (հետաքննական մեխանիզմների) անհրաժեշտություն չկա։ Ոչ մեկ մեզ չի բացատրում, թե ինչպես պետք է աշխատի այդ մեխանիզմը…», - ասել էր Ալիևը` շարադրելով վերջին տասնամյակներում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշմումը մի հերթական անգամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին