«Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանականերում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որն ընդգրկված է կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի մասին պատմող ֆեյսբուքյան էջից:
Դերասաններից Հայաստան կժամանի համաշխարհային ճանաչում ունեցող Հոմայուն Էրշադին` Իրանից, ով ֆիլմում մարմնավորել է Իբրահիմի կերպարը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնում դերասանն ընդգրկված է միջազգային ժյուրիի կազմում:
Հիշեցնենք, որ Հոմայուն Էրշադին առավել հայտնի է Աբաս Քիառոստամիի «Բալի համը» ֆիլմից: Ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։ Էրշադիի դեբյուտային գործը Բաբայի դերն է «Քամու ետևից վազողը» ֆիլմում:
«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։
Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Ֆիլմի սցենարի հեղինակը Մասիս Բաղդասարյանն է: Երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է: Երաժշտությունը կատարում են «Հովեր» կամերային երգչախումբը և ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Նկարահանումները կատարվել են Արցախում` ռեժիսորի հայրական Խաչմաչ գյուղում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան