Ռազմական ավիացիան պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր. Թևոս Իլիկչյան
Ռազմական ավիացիան պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ գնդապետ Թևոս Իլիկչյանը:
Նշենք, որ հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց:
Թևոս Իլիկչյանի խոսքերով՝ բանակաշինությանը զուգընթաց, իրականացվել են ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր:
«Իհարկե քանակի տեսանկյունից համեմատելի չէ մեր հարևանների հետ, բայց միշտ չէ, որ քանակությունը դեր է տանում: Փոքր ուժերով միշտ պետք է կարողանալ մեծ խնդիրներ լուծել, և այսօր պատրաստ ենք կատարելու այդ խնդիրները»,-ասաց Թևոս Իլիկչյանը:
Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին` նշեց, որ տրանսպորտային ուղղաթիռները բավական արդյունավետ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, մասնավորապես, տեղափոխել են վիրավոր զինվորների, զենք-զինամթերք:
«Մարդիկ կարծես դա չեն տեսնում, բայց մեր բոլոր տղաները մեծագույն համեստությամբ իրենց գործը կատարեցին: Գրոհային ավիացիային, որը սպասում էր իր հերթին, փառք Աստծո, դրան չհասավ: Չնայած, մեր տղաներն ինքնաթիռներում և ուղղաթիռներում նստած՝ սպասում էին հրամանի»,- ընդգծեց Թևոս Իլիկչյանը:
Պարաշյուտադեսանտային ծառայության մասին էլ խոսեց Թևոս Իլիկչյանի կինը՝ կապիտան Քրիստինա Իլիկչյանը:
Նրա խոսքերով՝ երբ 1992 թվականից ստեղծվեց հայկական զինված օդուժը, այդ ժամանակվանից նաև սկսեց գործել պարաշյուտադեսանտային ծառայությունը: Թեև սկզբնական շրջանում կային մի շարք դժվարություններ, համապատասխան մասնագետների կարիք կար, սակայն այսօր, ըստ նրա, ծառայության անձնակազմն ընդլայնվել է, տրամադրում են որակյալ ծառայություններ:
Թևոս Իլիկչյանը նշեց, որ Հայաստանն ունի պարաշյուտային շատ լավ դպրոց, որի հիմքը դրվել է 1934թ-ին:
«Մենք ունենք զարգացած պարաշյուտային դպրոց, սակայն դրա մասին քչերը գիտեն, քանի որ քիչ է մեկնաբանվել»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով կադրերի խնդրին, Թևոս Իլիկչյանն ասաց, որ Հայաստանի ռազմական ավիացիան կադրեր պատրաստելու խնդիրներ չունի։ Ռազմական ավիացիայի կադրերը համալրվում են Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտներով:
«Մենք ունենք բարձրակարգ մասնագետներ»,- ասաց նա:
Մասնագիտության բերումով էլ ծանոթացել են Թևոս ու Քրիստինա Իլիկչյանները: Սիրահարվել են թռիչքների ընթացքում՝ օդում և մինչև հիմա շարունակվում է նրանց երկրային սերը:
«Կա մի վարժության ձև, երբ օդում գալիս, զույգերով միանում ենք իրար, այդ ժամանակ էլ առաջին անգամ համբուրեցի Քրիստինային և օդում կարողացանք արտահայտել մեր զգացմունքերը»,- իրենց առաջին համբույրը հիշեց Թևոս Իլիկչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան