Ֆիլհարմոնիկ նվագախումբը քաղաքակրթության ցայտուն փաստերից մեկն է. Բարսեղ Թումանյան
Հայ երաժշտարվեստի այսօրվա մեծագույն անունների՝ սոպրանո Հասմիկ Պապյանի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, բաս Բարսեղ Թումանյանի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Վահագն Պապյանի մասնակցությամբ հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ որոշում կայացվեց նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգին ելույթ ունենան միայն հայ երգիչներ և երաժիշտներ, որովհետև սա միայն հայ երաժիշտների տոնն է:
«Հեշտ չէր բոլորին հավաքել նույն տեղում նույն օրը, սակայն բոլորի մոտ ցանկություն կար: Մի քանի անգամ համերգի օրը փոփոխվել է և ի վերջո հունիսի 28-ին կկայանա մեր համերգը»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա Հասմիկ Պապյանը նշեց, որ 1915 թվականից տաս տարի անց ստեղծելով ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ խոսում է հայ ժողովրդի մշակութասեր լինելու, հայ ազգի ապրելու ցանկության մասին: Խոսելով Ֆիլհարմոնիկ նվագախմբի անցած ուղու մասին, ներկայացնելով դիրիժորներին, ում հետ աշխատել է, երգչուհին ասաց, որ այսօր այն պատիվ է բերում հայ ազգին:
«Ներկա եմ եղել նաև արտասահմանյան համերգերին, կարդացել և լսել եմ արձագանքները: Ուրախանում և հպարտանում եմ մեր նվագախմբով»,- նշեց հայտնի երգչուհին:
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանի խոսքով, ոչ բոլոր նվագախմբերին է բախտ վիճակում այսքան երկար կյանք ու մեծ ավանդույթներ ունենալ: «Այսօր շատ ավելի կարևոր է պահպանել, շարունակել այդ ավանդույթները: Այսօրվա պայմաններում, իհարկե, այդքան էլ հեշտ չէ, հատկապես որ կապված է արվեստի հետ»,- նշեց երաժիշտը:
Երգիչ Բարսեղ Թումանյանն ասաց, որ եթե խոսում են պետականության, քաղաքակրթության մասին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դրա ամենացայտուն փաստերից մեկն է, որով կարող են արձանագրել, որ հայ ժողովուրդը քաղաքակիրթ պետություն ունի:
«Ունենք այնպիսի քաղաքակրթություն, որը ներկայացվել ոչ միայն մեր, այլ նաև համաշխարհային հայտնի ստեղծագործություններ՝ հաճույք պատճառելով բոլորին»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ պետք է լուրջ վերաբերվել, աջակցել նման մնայուն օրգանիզմի, ինչպիսին Ֆիլհարմոնիկ նվագախումբն է:
Համերգին հնչելու է՝ Շոստակովիչ՝ «Տոնական նախերգանք», Մոցարտ՝ «Դաշնամուրի կոնցերտ թիվ 21, C-Dur KV 467 (2-րդ և 3-րդ մասեր)», Վերդի՝ Լեոնորայի արիան «Pace, pace mio Dio» «Ճակատագրի ուժը» օպերայից, Բիզե՝ «Էսկամիլիոյի քառյակները «Կարմեն» օպերայից (Votre toast, je peux vous le rendre)», Բաղդասարյան՝ «Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար», Չայկովսկի՝ «Ռոկոկո թեմայով վարիացիաներ` թավջութակի և նվագախմբի համար», Վերդի՝ «Արքա Ֆիլիպի արիան «Ella giammai m’amo» «Դոն Կարլոս» օպերայից», Վագներ՝ «Էլիզաբեթի արիան «Dich teure Halle» «Տանհոյզեր» օպերայից, Միրզոյան՝ ««Ինտրոդուկցիա և «Անընդհատ շարժում» ջութակի և նվագախմբի համար», Խաչատրյան՝ «Սիմֆոնիա թիվ 2 (2-րդ մաս)»: