Նոր բացահայտումներ ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության՝ ներառյալ տխրահռչակ Ուոլտերի ճոխ ծախսերի մասին
Բրիտանական Daily Mail պարբերականը նոր բացահայտումներ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամների ճոխ կյանքի մասին։
Ինչպես գրում է կայքը, քաղաքական գործիչները վայելում են առաջին կարգի ճանապարհորդություններ, վարորդով մեքենաներ և օրական գրպանում են հարկերից ազատված հարյուրավոր ֆունտ ստերլինգների հասնող հատկացումներ՝ Եվրոպական անհասկանալի կոնֆերանսների մասնակցելու համար։
ԵԽԽՎ-ում արդեն նախկին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը կնոջ հետ միասին մեկ շաբաթյա հանգիստ է վայելել թուրքական Բոդրումում գտնվող հանգստյան գոտում՝ նախորդ տարվա հունիսին 2-օրյա փաստահավաք այցով մեկնելով Թուրքիա։
Ինչպես գրում է կայքը, այդ ժամանակ Ուոլտերն անգամ պատգամավոր չի եղել, քանի որ համընդհանուր ընտրություններից 3 ամիս առաջ հրաժարվել էր Հյուսիսային Դորսեթի իր պատգամավորական աթոռից։
Սակայն Ուոլտերը պնդել է, որ ինքն է նախաձեռնել ուղևորությունն իր սեփական նախաձեռնությամբ՝ ուսումնասիրելու միգրացին ճգնաժամը, և չի պահանջել իր կնոջ ծախսերի փոխհատուցում։
Նշվում է, որ Ուոլտերը մասնակցում էր ԵԽԽՎ նիստերին նախորդ տարվա սեպտեմբերի վերջին՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուց 6 ամիս անց։ Նրա ճանապարհածախսը, օրապահիկը Փարիզում անցկացված մեկօրյա համաժողովի համար կազմել է 1048 ֆունտ։ Ստրասբուրգում պատվիրակության անդամները 4 օր տևող նստաշրջանում 3000 ֆունտ ծախսում են ավտոմեքենաների վրա։
Ուոլտերը, ում հետ հավանաբար եղել է նաև կինը, Ստամբուլում մասնակցել է ԵԽԽՎ «Ad-hoc Bureau»-ի հանդիպմանը, որը անցկացվել է նախորդ տարվա հունիսի 14-15-ին, սակայն Ուոլտերը հարկատուների հաշվին մնացել է Թուրքիայի Sheraton հյուրանոցում մինչև հունիսի 17-ը։
Նշվում է նաև,որ ԵԽԽՎ անդամ Լորդ Ջոն Պրեսկոտը ևս Ստրասբուրգ մեկնելու համար ընտրում է առաջին կարգի ուղևորություններ։
Ավելացնենք նաև, որ Ռոբերտ Ուոլտերը, ում զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տապալվեց ԵԽԽՎ-ում, սերտ կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ուոլտերի կինը՝ Ֆերիդե Ալպ-Ուոլտերը, ազգությամբ թուրք է և Ադրբեջանում ՍՈԿԱՐ-ի հետ միասին ներդրումային ծրագրեր է իրականացնում։
Ուոլտերի ջանքերի շնորհիվ նաև ԵԽԽՎ-ում տապալեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը,որի համար, արդեն իսկ փաստացի տվյալներով, ԵԽԽՎ մեկ այլ պատգամավոր՝ իտալացի Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի կառավարությունից 2մլն 390 հազար եվրո կաշառք է ստացել։ Իսկ թե որքան կաշառք է ստացել Ուոլտերը Ադրբեջանից, դեռևս հստակ չէ, սակայն հստակ է, որ նրա «ներդրումն» ի նպաստ Ադրբեջանի ավելի մեծ է, քան Լուկա Վոլոնտեինը։