Պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է ՀՕՊ համաձայնագրի նպատակը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը սկսեց քննարկել հանրության մի հատվածի շրջանում դժգոհություն առաջացրած հայ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը:
Նկատենք, որ համաձայնագրի քննարկմանը զուգահեռ դրսում, ԱԺ վարչական շենքի մոտ մի քանի անձինք բողոքի ակցիան էին անցկացնում՝ պահանջելով ԱԺ-ից չվավերացնել այն:
Համաձայնագրի ամբողջական անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին»: Այն ներկայացնելիս Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին:
«Համաձայնագրի նպատակը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումն է», -փոխանցեց նա:
Նրա ներկայացմամբ՝ համաձայնագրի իրականացման համար կողմերը լիազորել են երկու պետությունների պաշտպանության նախարարություններին:
«Համաձայնագրով նախատեսվում է, որ խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման համար կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ նախատեսված կարգով», -համաձայնագրից ընթերցեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է պատերազմական ժամանակներին, ապա ՊՆ պաշտոնյայի փոխանցմամբ՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանում է այն կողմի օրենսդրության համաձայն, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը և որի նկատմամբ կիրառվում է զենքը:
Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամանակով:
Նշենք, որ ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտել էր համաձայնագիրը, այն որակել «խայտառակ» և կոչ էր արել ԱԺ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել դրան:
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգություն»-ը դատապարտում է ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ համաձայնագիրը
- ՀՕՊ համաձայնագրով մենք մեր իրավունքները զիջում ենք ՌԴ-ին. Փոստանջյան
- ՀՕՊ համաձայնագրի ընդունման համար ժամկետներ չկան. Իշխանական պատգամավոր
- Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են միասնական ՀՕՊ համակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան