Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի պատճառած վնասների նախնական ուսումնասիրության արդյունքները:
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ զեկուցվել է, որ ներկայում վերականգնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վերացվում են հեղեղի հետևանքները:
Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը և անհրաժեշտ ուժեր ներգրավել՝ հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Ըստ աղբյուրի, խորհրդակցության արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում գումարներ կհատկացվեն հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար: Երկրորդ փուլում նախատեսվում է հեղետարի ամբողջական ուսումնասիրություն, և ըստ անհրաժեշտության, համապատասխան աշխատանքների իրականացում:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին:
Նախարարը տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է գտնվում իր վրացի գործընկերների հետ: Նշվել է, որ վրացական կողմը լայն թափով շարունակում է Վերին Լարս տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Պետական կառույցները չեն շտապում աղետից տուժած արթիկցիներին օգնության հասնել. «Ժամանակ»
- Կառավարությունը պետ է այլընտրանք գտնի. գյուղացին չպետք է թելի պես կախված մնա Վերին Լարսի ճանապարհից. «Ժամանակ»
- Աղետի հետևանքով ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնելու համար Արթիկի քաղաքապետարանը զորակցության կոչ է անում
- Քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ կլինի
- Վարչապետ. Արթիկի վնասներ կրած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի
- Արթիկում այս պահին ընթանում են սելավատարերի հունը կարգավորելու աշխատանքներ