
Փաշինյանը՝ պաշտպանության փոխնախարարին. «Չկա որևէ ազդակ, որ դուք այդ ծառայությունը կատարել եք»
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց ՀՕՊ զորքերի պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի հարցազրույցը և Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց.
«Նա հայտարարել է՝ մենք առայժմ չունենք կործանիչ ավիացիա: Ինչո՞ւ մենք չունենք կործանիչ ավիացիա: 25 տարվա պետություն ենք»:
Ի պատասխան Արա Նազարյանը ասաց, որ կործանիչ ավիացիա ունենալը հնարավորությունների խնդիր է. «Դա կարծում եմ, հնարավորությունների խնդիր է կապված ռազմաքաղաքական անվտանգության առաջնահերթությունների հետ: Բնականաբար, կարծում եմ, որ եթե հնարավորություն լիներ, կործանիչ ավիացիա կունենայինք»:
Արձագանքելով Արա Նազարյանին, Փաշինյանը բացատրեց, որ պետական պաշտոնյաների աշխատանքի էությունը պետության հնարավորությունները մեծացնելն է և հավելեց.«Չկա որևէ ազդակ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որ դուք այդ ծառայությունը կատարել եք»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է ավելացնում Հայաստանի զինված ուժերին. Պաշտպանության փոխնախարար
- Պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է ՀՕՊ համաձայնագրի նպատակը