Հայոց պատմությունը՝ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման միջոցով
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կներկայացվի Մարսելի Բարեգործական Ընդհանուր Միության, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նորքի հայորդաց տան համատեղ իրականացրած «Հավերժություն» պլաստիկ ներկայացումը:
«Ներկայացման միջոցով ցույց ենք տալիս հայոց պատմությունը՝ մարդկության ծնունդ, Նոյան տապանի հանգրվանում Արարատ լեռան ստորոտին, քրիստոնեության ընդունում, հալածանքներ, արհավիրքներ, հայերի ուժն ու կամքը, որ կարողացել են հաղթահարել այդ ամենը և գնացել են դեպի հավերժություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նորքի հայորդաց տան պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը:
Նրա ներկայացմամբ, Նորքի հայորդաց տան ավելի քան 70 սան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցից, «Նարեկ» պարային, «Հայկազունք» ազգագրական երգի-պարի, «Արմեններ» դհոլահարների համույթներից, կներկայացնեն արվեստի տարբեր ոճերի՝ մնջախաղ, պար, կրկես, ազգագրական երգ ու պար, երաժշտական հարվածային գործիքներ, համադրմամբ ստեղծված բեմադրություն: Ներկայացման մեջ օգտագործված են դասական և ժամանակակից՝ հայկական և եվրոպական կատարումներ:
«Հետաքրքիր սինթեզ է ստացվել, նոր խոսք է, կուզենք, որ ունենա շարունակություն»,- ասաց Ա.Ջուլհակյանը:
Ասուլիսին ներկա էր նախագծի հեղինակ ու սցենարիստ Պատրիկ Մալաքյանը: Նա ասաց, որ «Հավերժություն» պլաստիկ ներկայացման պրեմիերան կայացել է Մարսելում:
«Նման բեմադրություն անելու միտքը ծագել էր անցած տարի, երբ մտածում էինք, թե ինչպես նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միտք ծագեց ներկայացնել հայոց պատմությունն ամբողջությամբ, ոչ միայն Հայոց ցեղասպնությունը: 800 հոգի ներկա էր Մարսելի ներկայացմանը: Ավարտին բոլորը ոտքի էին կանգնած և լաց էին լինում»,- նշեց Պ.Մալաքյանը:
Մարսելում ներկայացմանը մեջ հանդես է եկել 67 հոգի, Երևանում բեմադրության մեջ մասնակցություն կունենա 90 հոգի՝ 6-35 տարեկան:
Պ.Մալաքյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատում են նոր բեմադրության վրա, որն առաջին անգամ ներկայացվելու է այս տարվա հոկտեմբերին Նյու Յորքում՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյակին նվիրված միջոցառմանը: Բեմադրության մեջ Հայոդաց տան երեխաներին միանալու է նաև «Թումո» կենտրոնը՝ իր նոր տեխնոլոգիաներով:
«Ցույց կտանք հայ երեխաների գերազանությունը ոչ միայն արվեստում, նաև նոր տեխնոլոգիաների բնագավառում: Ուզում ենք, որ 2017-ին այն ներկայացնենք նաև Հայաստանում՝ կրկին օպերային թատրոնում»,- նշեց Պ. Մալաքյանը: