Դել Բոսկե. «Չեմ կարծում, որ մեր դարաշրջանն ավարտվեց»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կիսվել է Իտալիայի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղից (0:2) ստացած տպավորություններով: Հարկ է ընդգծել, որ «Սկուադրա աձուրայից» կրած պարտությունից հետո իսպանացիները վայր դրեցին մայրցամաքային չեմպիոնի կոչումը, որը պահպանում էին վերջին 8 տարվա ընթացքում:
«Առաջին խաղակեսում շատ զգույշ էինք, իսկ երկրորդում սկսեցինք ավելի շատ ռիսկի դիմել: Փորձում էինք հավասարեցնել հաշիվը, սակայն չկարողացանք,- դել Բոսկեի խոսքերը մեջբերել է football.ua-ն:- Իտալացիներն ավելի ուժեղ էին, և ես նրանց լավագույնն եմ մաղթում: Պայքարեցինք մինչև վերջ և մեզ հոգնած չէինք զգում: Ֆիզիկականը մեր հաղթաթուղթը չէ: Մենք տեխնիկապես զարգացած թիմ ենք, բայց միևնույն ժամանակ լավ պատրաստ էինք: Մինչ այդ երկու լավ հանդիպում էինք անցկացրել, սակայն խաղի վերջին րոպեներին խորվաթներից ընդունած գնդակը թանկ նստեց մեզ վրա:
Իտալացիները նկատելիորեն ուժեղ էին, իսկ խաղադաշտում լավագույն ֆուտբոլիստը Դե Հեան էր: Մի շարք պահեր ստեղծեցինք ու կարող էինք վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ասել, որ մրցակիցը հանգիստ հաղթեց մեզ, գերագնահատում կլինի: Ոչ ոք չպետք է կասկածի մեր մտադրություններին. խաղում էինք սովորական ցանկությամբ, մեզ բնորոշ նվիրվածությամբ, սակայն սպորտում մրցակիցդ երբեմն կարող է ավելի լավը լինել:
Չեմ կարծում, որ մեր դարաշրջանն ավարտվեց: Իսպանական ֆուտբոլը գերազանց է կառուցված, ունենք հիանալի խաղացողներ, ուստի չեմ կարծում, որ սա վերջն է: Ամեն ինչ նորից է սկսվում, և մենք իտալացիների հետ կհանդիպենք աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ինչ վերաբերում է իմ հետագա աշխատանքին, ասեմ, որ հանդիպելու եմ ասոցիացիայի նախագահի հետ, և մենք որոշում կկայացնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Արտակարգ իրավիճակ՝ Իտալիա-Իսպանիա հանդիպումից առաջ
- Խավի. «Ափսոս, որ Իսպանիա-Իտալիա հանդիպումն այսքան շուտ պետք է կայանա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան