ԱԺ-ում խոսել են 200 մլն-ով Ռուսաստանից գնվող սպառազինության ճակատագրի մասին
Այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց 200 մլն ԱՄն դոլար վարկով Ռուսաստանից գնված սպառազինության ճակատագրի մասին:
«200 միլիոն դոլարի զենքի վաճառքի աղմկահարույց պայմանագրի հաստատումից, որը վավերացվեց հենց այս դահլիճում, արդեն ուղիղ մեկ տարի է անցել: Ի վերջո, կատարվե՞լ է այդ համաձայնագիրը, թե՞ ոչ», -փոխնախարարից հետաքրքրվեց Փաշինյանը:
«Կատարված է 80 տոկոսով, պայմանագրերը կնքված են, գործընթացները կատարման փուլում են»,- արձագանքեց Նազարյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Սակայն պատասխանը չբավարարեց Փաշինյանին, և պատգամավորը նկատեց.
«Պայմանագրերը կնքվել են, բայց դա դեռ չի նշանակում, որ զենքը բերել ենք: Էդ զենքը եթե Հայաստանում չի, չի նշանակում, որ կատարվել է: Այդպես կատարված մեկ տարի առաջ էլ կատարված էր, պայմանագրերը կնքված, վավերացված էին»:
Հիշեցնենք՝ դեռ 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվել էր «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարիների ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին՝ 98 կողմ (1 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով:
Վարկային համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ռուսական աղբյուրները, նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր և դրա հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին