Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի՝ ԸՕ-ի մեխանիզմները կյանքի կոչելու համար
«Ազգային ժողովում այս օրերի քննարկումը ցույց տվեց, որ անգամ, երբ մի պոզիտիվ քայլ կատարվում է, միշտ գտնվում են անհամեմատ ավելի մեծ թվով անձինք, ովքեր, թեկուզ ինքնահաստատման մոտիվներով կամ այլ, փորձում են փնովել դրականը», -այսօր ԱԺ-ում ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, այս օրերի քննարկումների արդյունքում ինքը հերթական անգամ արժեվորել է քաղաքական ուժերի միջև կայացված համաձայնությունը:
Ամփոփելով նախագծի շուրջ քննարկումները, Հարությունյանն ասաց, որ Ազգային ժողովում պատգամավորները փորձել են քննարկել ընդհանուր Ընտրական օրենսգիրքը և ոչ թե ԸՕ-ով առաջարկվող մեխանիզմները: Մինչդեռ, ըստ պաշտոնյայի, քաղաքական ուժերի միջև համաձայնությունը կայացել է հենց ընտրական գործընթացում ներդրվող մեխանիզմների ներդրման շուրջ:
«Բայց կար քննարկողների մի խումբ, որը չգիտես՝ ինչու մտածեց՝ ես կամ կարողություններս կամ հիշողությունս եմ կորցրել ու չեմ հիշում՝ ով, ինչպես, երբ, որ թվին....Այն տպավորությունն էր, որ մարդիկ որոնք հրաշալի պետք է հիշեին այն մեխանիզմները, որոնք ժամանակին նաև իրենք են գործադրել, դարձել են ամենալուրջ քննադատները այդ մեխանիզմների: Տարօրինակ էր», -նկատեց Հարությունյանը:
Կառավարության ներկայացուցիչը խորհրդարանականներին վստահեցրեց, որ ամեն ջանք գործադրելու են, որպեսզի Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող մեխանիզմները կյանքի կոչվեն:
Անդրադառնալով այդ մեխանիզմների ներդրման համար պահանջվող ֆինանսներին, Հարությունյանն ասաց, որ դրանք փնտրելու և գտնելու հնարավորությունները սպառված չեն:
«Բայց դա ամենևին չի նշանակում, որ պակասող գումարը մենք պատրաստվում ենք դնել մեր բյուջեից և ակնկալում ենք բոլոր ուժերի հետ համատեղ աշխատանք՝ ֆինանսների հայթայթման հարցում: Պետք է հիշեցնեմ, որ այս հարցը պետք է լուծենք շատ արագ, որովհետև եթե մենք հապաղենք, ապա կարող է ունենանք գումարներ, բայց չունենանք ժամանակ», -հայտարարեց պաշտոնյան՝ շնորհակալություն հայտնելով համաձայնության կայացմանը մասնակցած ուժերին:
Հիշեցնենք՝ 4+4+4 ձևաչափի շրջանակներում երկար քննարկումներից ու բանակցություններից հետո Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ քաղաքական համաձայնությունը կայացել էր իշխանությունից՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ընդդիմությունից՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև:
Առաջարկվող նախագծով ներդրվող մատնահետքերի գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգերը ձեռք բերելու համար պահանջվում է շուրջ 16 մլն եվրո: Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում՝ ֆինանսական օգնություն ստանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանի ակնարկը Նիկոլ Փաշինյանին
- Քաղաքական ուժերի միջև համաձայնությունը ոտի տակ են ուզում տալ. Ռուստամյան
- Գործող Ընտրական օրենսգիրքը 99 տոկոս որակ ապահովում է. Դավիթ Հարությունյան
- Համաձայնեցված ԸՕ-ի ճակատագիրը կախված է ֆինանսներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին