Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին կայցելի Հայաստան
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Փարիզում իր գործընկերոջ՝ Ժան Մարկ Էյրոյի հետ կքննարկի ԼՂ խնդրի կարgավորման վերաբերյալ հարցեր,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան թեման դուրս չի գալիս իրենց օրակարգից:
«Ապրիլին Լեռնային Ղարաբաղում բռնությունների բռնկման հետ կապված՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախարարները Փարիզում կքննարկեն հետագա քայլերը, որոնք վերաբերում են մայիսի 16-ին Վեննայում կայացած գագաթաժողովի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին»,-ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա տեղեկացրել է՝ հուլիսի 4-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
«Նախարարները քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային արենայում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության վերաբերյալ արդիական հարցեր»,-ասել է Զախարովան:
Նրա ներկայացմամբ, նիստի ընթացքում նախարարները քննարկելու են նաև Մերձավոր Արևելքում ու Աֆղանստանում ահաբեկչության ու ծայրահեղականության հակազդեցությունը:
«Մենք կարծում ենք, որ երևանյան հանդիպումը կարևոր ավանդ կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների՝ կազմակերպության հետագա զարգացմանն ուղղված դաշնակցային համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում»,-ասել է նա: