ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է ավելացնում Հայաստանի զինված ուժերին. Պաշտպանության փոխնախարար
Այսօր Ազգային ժողովում «Հայկական վերածնունդ» խմբակցության (ՕԵԿ) ղեկավար Հեղինե Բիշարյանը Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող է ասել պաշտոնյան հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագրից դրսում բողոքող քաղաքացիներին հանգստացնելու համար:
«ԱԺ դարպասների մոտ հանդիպեցի այն մարդկանց, ովքեր դեմ են այս համաձայնագրին: Նրանց մտահոգում է հատկապես համաձայնագրի 6-րդ կետը՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի, զորքերի ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ Զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՌԴ հարավային զինվորական օկրուգի հրամանատարը:
Խնդրում եմ բացատրեք, որպեսզի նրանց մտահոգությունները փարատվեն», -դիմելով հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագիրը խորհրդարանին ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, ասաց Բիշարյանը:
Ի պատասխան Արա Նազարյանը դիմելով բողոքող քաղաքացիներին, հորդորեց չմտահոգվել. «Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ՝ որևէ մտահոգության տեղիք չկա: Սա լրացուցիչ ռեսուրս է ավելացնում մեր զինված ուժերին հակաօդային պաշտպանության առումով: Մեր եղած միջոցներին, որոնք կիրառման առումով անկախ ենք, լրացուցիչ ավելանում են նաև այլ միջոցներ: Հետևաբար այս առումով որևէ անհանգստանալու տեղիք չկա»:
Պաշտոնյայի խոսքով, զորքի կառավարումն իրականացնում է հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ հակաօդային պաշտպանության պետի:
Փոխնախարարը նկատեց, որ տեղյակ չէ, թե ինչպես է նման «թյուր ինֆորմացիա շրջանառվել» ու դարձյալ կրկնեց, որ անհանգստությունը տեղին չէ. «Կխնդրեմ հանգիստ լինեք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին