Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ
«Վանք» պարային համույթը Սոչիում կայացած «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: Սակայն արդեն երկու օր է փառատոնին մասնակից երեխաները չեն կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «ՀայԱրտ» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Արսեն Ավետիսյանը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնի հաջորդ օրը խմբի անդամները՝ 11-12 տարեկան երեխաները, ում հետ նաև նրանց ծնողներն են, պետք է վերադառնային Հայաստան:
«Ճանապարհը քանդվեց, հիմա միակ ճանապարհը նավն է, որ կարող են Սոչիից հասնել Բաթումի: Մենք արդեն երկու ավտոբուս ենք ուղարկել Բաթումի: Երեխաները վաղն արդեն կլինեն Հայաստանում»,- նշեց Ա.Ավետիսյանը:
Ըստ նրա, փառատոնին մասնակցելու հրավերը ստացել էին ռուսական կողմից, փառատոնային օրերի համար նախատեսված ծախսերը լուծված են եղել:
Պատասխանելով հարցին, թե մնացած օրերի համար նախատեսված ծախսերը ո՞վ է հոգացել, Ա.Ավետիսյանն ասաց. «Այնտեղ շատ լավ հայ տղաներ կային՝ մեկը հյուրանոցի, մյուսը սննդի հետ կապված հարցերն են լուծել: Հյուրանոցը միայն փառատոնի օրերի համար էր նախատեսված եղել, հաջորդ օրերի համար ունեցել են արդեն պատվերներ, սակայն խնդրել են, որ երկու օր հավելյալ մնան մինչև հետ վերադառնան: Հյուրանոցի, սննդի համար մենք ենք գումար փոխանցել՝ ղեկավարի միջոցով: Ծնողները հոգացել են միայն Սոչիից Բաթումի նավի ծախսը: Եղել են ծնողներ, ովքեր չեն ունեցել անհրաժեշտ գումարը, համայնքային մի փոքրիկ հովանավորություն է եղել»:
kavkaz-uzel.ru կայքը երեկ գրել էր, որ 25 երեխա չեն կարողանում Սոչիից Վրաստանով վերադառնալ Հայաստան փակ ճանապարհի պատճառով: Ըստ աղբյուրի, նրանց մանկավարժներն ասել են, որ երեխաները, որպեսզի Սոչիից նավով կարողանան հասնել Բութումի, գումար են հավաքում՝ համերգներով հանդես գալով Սոչիի ափերում:
Համույթի ծնողկոմիտեի անդամ Քրիստինա Հակոբյանն ասել է, որ Երևանից պարային խումբը Սոչի էր մեկնել հունիսի 19-ին, «ճանապարհածախսի տնտեսման համար խմբի անդամները, նրանց ծնողներն ու մանկավարժները Երևանից Սոչի են մեկնել վարձակալած ավտոբուսով»։
Նա հավելել է, որ «որոշ ծնողները բանկից են գումար վերցրել, որպեսզի իրենց երեխաներին ուղարկեն փառատոնին մասնակցելու»:
Համերգից անմիջապես հետո ավտոբուսով պետք է Հայաստան վերադառնային Վրաստանով, բայց տեղեկացել են, որ անցակետը փակ է: Ք.Հակոբյանը պատմել է, որ հյուրանոցի սեփականատերերը համաձայնել են թողնել երեխաներին մեկ գիշեր, հարևանները սնունդ և ջուր են բերել: Ծնողկոմիտեի անդամ Նարինե Հարությունյանն ասել է, որ հետո հյուրանոցի տնօրինությունը «քաղաքավարի խնդրել է հայկական պատվիրակությանը դուրս գալ հյուրանոցից, քանի որ պետք էր վճարել»:
«Մեզ օգնել են հայ համայնքի ներկայացուցիչները, վճարել հյուրանոցում մեր երեք օրվա մնալու ու սննդի համար»,- ասել է նա:
Ճանապարհի փակ լինելու պատճառով Սոչիից Բաթում նավի տոմսի արժեքը մեկ գիշերում կտրուկ աճել է։ Երեխաներին և նրանց ծնողներին անհրաժեշտ էր 279 հազար ռուբլի։ Հունիսի 27-ի դրությամբ, ուղևորության համար հավաքել էին 90 հազարից մի քիչ ավելի ռուբլի։
Մանկավարժների խոսքով, երեխաներին չեն կարող ինքնաթիռով Երևան տեղափոխել, քանի որ նրանցից շատերը չունեն ծնողների կողմից տրված ուղեկցման լիազորագիր:
Լուսանկարները՝ kavkaz-uzel.ru կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան