Ռ. Ռևազյան. Մեր քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ
Դատապարտյալների հիմնական խնդիրները վերաբերում են բուժսպասարկմանը, 6.7%-ը՝ վաղաժամկետ ազատման հարցերով հանձնաժողովի որոշումներին, 4.8%-ը՝ ինքնավնասման ու ինքնասպանության դեպքերին, 4.8%-ը հացադուլներին, 3.6%-ը սննդին:
«Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2016-ի առաջին 6 ամիսների ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը:
«Խնդիրների մի մասը լուծվել է, մի քանիսը լուծման ընթացքում է»,-ասաց նա:
12 դիտորդներից կազմված խումբն այս տարվա վեց ամիսների ընթացքում՝ ներառյալ հունիսի 27-ը կատարել է 57 այցելություն: Դրանց ընթացքում աշխատել է դատապարտված կամ կալանավորված 88 անձանց հետ:
«Այցելությունները հիմնականում եղել են ահազանգերի ու հրապարակումների հիման վրա: Դրանց մեծ մասը՝ 57 տոկոսը կատարվել են «Նուբարաշեն» ՔԿՀ, ապա «Արմավիր», Աբովյան, Վարդաշեն, Երևան Կենտրոն, Դատապարտյալների հիվանդանոց, Կոշ, Սևան հիմնարկներ»,-նշեց Ռ. Սարգսյանը:
Խմբի մեկ այլ անդամի՝ Սերգեյ Գաբրիելյանի ներկայացմամբ, առավել արդիական են դատապարտված խոցելի խմբերի հիմնախնդիրները:
«Այդ խմբերում ընդգրկված են գողական օրենքներին չենթարկվող խմբերը, նույնասեռականները, առողջական որոշակի խնդիրներ ունեցողները, և որոշակի հանցագործություն կատարած ու դրանց հետևանքով դատապարտված անձինք»,-թվարկեց ասուլիսի բանախոսը:
Դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով, ՔԿՀ-ներում թիվ մեկ խնդիրը միջանձնային, ոչ կանոնադրական հարաբերություններն են:
«Այդ հիմնարկներում իշխում են ոչ թե իրավական ակտերը, այլ չգրված օրենքները: Միաժամանակ դատապարտվածների բողոքները շատ չեն: Եթե կալանավորված կամ դատապարտված անձը սկսում է ցուցաբերել «ոչ ցանկալի» վարքագիծ, բողոքում է, հայտարարություններ անում, ապա շատ հեշտությամբ քրեական այդ աշխարհի միջոցավ ճնշում են դատապարտյալներին»,-ասաց նա, ավելացնելով, որ խորհրդային ժամանակներից առկա իրավիճակում դեռ որևէ փոփոխություն չի կատարվել:
Ռ. Ռևազյանի խոսքով, այժմ փորձեր են արվում իրավական դաշտը բարեփոխել, բայց զարգացումները նայելիս, նա եկել է մի համոզման:
«Մեր քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ: Տարիներ շարունակ իրականացվող այս կամ այն փոփոխությունները համակարգային փոփոխությունների չեն հանգեցրել: Պետական՝ ամենաբարձր մակարդակով կամքի դրսևորում է պետք այդ հարցերը լուծելու համար»,-ասաց փաստաբանը:
Նա, ուսումնասիրելով ՔԿՀ-ների խնդիրները, հասկացել է, որ հենց քրեական ենթամշակույթի հետևանքով է, որ հիմնարկի ղեկավարության կամ խցակցի դեմ բողոքները քիչ են: