Դիտորդական խումբ. Մեկ տարվա ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է 25 դատապարտված
«Տարիներ շարունակ հաշմանդամի սայլակին գամված Հրաչյա Գևորգյանը գտնվում էր «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկում: Խցում, որտեղ ինքն էր ապրում, չկային համապատասխան պայմաններ, որ դատապարտվածը կարողանար օգտվել սանհանգույցից, չէին ապահովում սանիտարահիգիենիկ պայմանները»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին պատմեց փաստաբան Արայիկ Զալյանը: Նա Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն է:
Բանախոսի գնահատմամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է: Այն սահմանում է. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, կամ անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի, պատժի»:
«Անձի նկատմամբ պետությունը պարտավոր է կատարել իր պոզիտիվ պարտականությունները: Տվյալ դեպքում, մեր դիտարկմամբ, դրանք չեն կատարվել»,-ասաց նա:
Հրաչյա Գևորգյանը հիվանդության հիմքով վաղաժամկետ ազատվել է բանտից:
«2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը քրեակատարողական հիմնարկներում մահացել են 28 անձիք, նրանցից երեքը 3-ը ինքնասպանություն են գործել: Մյուս դեպքերում մահը վրա է հասել հիվանդության հետևանքով»,-ասաց Զալյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում պատժի հետագա կրումից հիվանդության հիմքով ազատվել է 9 անձ:
«Հիվանդության պատճառով մահացած 25 անձինք էլ էին միգուցե ենթակա ազատման: Սրանք կասկածներ են, որոնք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ այդ ուղղությամբ քննություն չի իրականացվել: Այս դեպքերի առնչությամբ ոչ մի քննություն չի իրականացվում, քանի դեռ ընտանիքի անդամները չեն բողոքարկում»,-ասաց Զալյանը:
ՔԿՀ-ում մահվան մի դեպքի վերաբերյալ ընտանիքը բողոքարկել է:
«Նուբարաշեն ՔԿՀ-ում 2015 թվականին թքի ներարկման հետևանքով Սերոբ Գևորգյանը մահացել էր: Որոշում էր կայացվել գործը կարճել: Ընտանիքի անդամները դիմել են դիտորդական խմբին: Բժշկական համալիր փորձաքննության համաձայն, բժշկական միջամտությունը եղել է ուշացած»,-ասաց խմբի նախագահը, ավելացնելով, որ դատապարտված անձանց համար պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որ անձինք իրենց նվաստացված չզգան:
Դիտորդական խումբն իր այցելությունների արդյունքները հրապարակում է տարեվերջին, վեր հանած խնդիրների լուծման վերաբերյալ հանդես է գալիս առաջարկություններով: