Զուրաբյանը լավատես է ԸՕ-ն իրագործելու գումարների հաշվով
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց նպատակը կատարվել է. «Օրինագիծն այն վիճակում է, որ համապատասխանում է ձեռք բերված քաղաքական համաձայնությանը»:
Նա գործընկերներին տեղեկացրեց, որ այսօր միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների հետ տեղի է ունեցել «բավականին լուրջ մի հավաք»:
«Տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են դոնոր երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչները և ես, Դավիթ Հարությունյանը և Վիգեն Սարգսյանը։ Չբացելով բոլոր չակերտները, ցանկանում եմ հաղորդել իմ հիմնական տպավորությունը՝ մենք կամաց-կամաց մոտենում ենք նրան, որ այնուամենայանիվ, ֆինանսավորում գտնվելու է», -հայտարարեց Զուրաբյանը:
Նա բավական ոգևորված էր ու այդ տրամադրությամբ էլ փոխանցեց, որ այս պահի դրությամբ կա ընդհանուր առմամբ 12 մլն եվրոյի խոստում: Նշենք, որ մինչև այդ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել էր, որ պահանջվում է 16 մլն եվրո գումար:
«Ես վստահ եմ, որ այս հիմքի վրա արդեն կարելի է սկսել գործընթացը և վստահ լինել, որ այս ծրագիրը իրագործվում է: Բավականին լավատես եմ: Եթե այդ օրինագիծը անցկացնենք, սա լինելու է լրիվ այլ որակի ընտրություն», -հայտարարեց Զուրաբյանը:
Հիշեցնենք՝ 4+4+4 ձևաչափի շրջանակներում երկար քննարկումներից ու բանակցություններից հետո Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ քաղաքական համաձայնությունը կայացել էր իշխանական կոալիցիայից՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ընդդիմությունից՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև:
Առաջարկվող նախագծով ներդրվող մատնահետքերի գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգերը ձեռք բերելու համար պահանջվում է շուրջ 16 մլն եվրո: Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում՝ ֆինանսական օգնություն ստանալու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան