Փակ անցակետում մնացած հայաստանցիներին Երևան կտեղափոխի ՌԴ ԱԻՆ ավիացիան
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի միջոցով կիրականացվի Վերին Լարսի անցակետում շրջափակման մեջ հայտնված Հայաստանի 147 քաղաքացիների տեղափոխումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը նախատեսում է իրականացնել Հայաստանի քաղաքացիների տեղափոխումը: Միջոցառումն իրականացվելու է ավիացիայի միջոցով: Նախատեսվում է, ընդհանուր առմամբ Երևան կտեղափոխվի 147 մարդ»,-ասված է ՌԴ ԱԻն տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը, վկայակոչելով վրացական կողմին, գրում է, որ ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները կշարունակվեն ավելի քան 3 շաբաթ: Հունիսի 28-ի տվյալներով անցակետի մոտ սպասող մեքենաների թիվը հասել է 240-ի:
Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից հայտնեցին հետևյալը. «Հունիսի 29-ին, ժամը 09.15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում ՌԴ սահմանային անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:
ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացու: Երթուղու ընթացքի և ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից իրավիճակի պարզաբանման և իրադարձությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի, ՌԴ ԱԻՆ և Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ների հետ:
Ձեռնարկվող միջոցառումների գործընթացն ամբողջությամբ գտնվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում»:
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134-135 կիլոմետր հատվածով երթևեկելը արգելվում է:
Սողանքը Վրաստանի ռազմավարական մայրուղիում տեղի է ունեցել հունիսի 23-ին: Թերեք գետը փոխել է իր հունը և փակել 800 մետր երկարությամբ ավտոմայրուղին: Ըստ նախնական տվյալների, գետի բնականոն հունը վերադարձնելու և ճանապարհի վնասված հատվածը վերականգնելու համար կապահնջվի մոտ երկու շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը՝ Լարսի անցակետի փակման մասին. «Ժողովուրդ»
- Վրաստանի ՆԳՆ-ն Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ է առաջարկում... Բաքվով
- Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ
- Կառավարությունը պետ է այլընտրանք գտնի. գյուղացին չպետք է թելի պես կախված մնա Վերին Լարսի ճանապարհից. «Ժամանակ»
- Քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ կլինի
- Ծիրան արտահանողները Լարսի փակվելու հետևանքով վնասներ են կրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան