«Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը՝ ԳԱԿ-ում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հուլիսի 2-ին բացվելու է միջթանգարանային համագործակցության շրջանակներում կազմակերպվող 5-րդ ցուցադրությունը՝ «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ»: Այն ներկայացնում է հայ կերպարվեստի ամենավառ անհատականություններից մեկի՝ Մարկոս Գրիգորյանի աշխատանքները: Panorama.am-ին այս մասին հայտնեցին ԳԱԿ-ից:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ բացված «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը մեծանուն այս արվեստագետի բազմազբաղ ու անսպառ անհատականությունը բացահայտելու ճանապարհին կարևոր հանգրվան է: Մարկոս Գրիգորյանի ողբերգական մահվանից ի վեր սա առաջին ծավալուն ցուցադրությունն է, որտեղ հիմնականում ներկայացված են ստեղծագործություններ Միջին Արևելքի արվեստի թանգարանից, ինչպես նաև այլ հաստատություններից ու անհատական հավաքածուներից:
Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ցուցադրվելու են արվեստագետի հողարվեստին և գորգարվեստին վերաբերող 24 եզակի աշխատանքներ: Ցուցադրության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրատարակել է նաև պատկերագիրք:
Ցուցադրությունը գործելու է մինչև օգոստոսի 28-ը:
Սփյուռքահայ նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը ծնվել է 1925-ին Կրոպոտկինում՝ Կարսից գաղթած հայկական ընտանիքում: 1930 թվականին ընտանիքը Կրոպոտկինից տեղափոխվել է Իրան, սկզբնական շրջանում բնակվել Թավրիզում, այնուհետև՝ Թեհրանում: Նախնական կրթությունն ստացել է Իրանում: 1950 թվականին սովորել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում: 1954 թվականին ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել է Իրան, բացել գեղագիտական պատկերասրահ: 1958 թվականին Իրանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպում է Թեհրանում առաջին բիենալեն: Դասավանդել է գեղարվեստի ակադեմիայում: 1993 թվականին Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարան:
Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ / Նամի, Քալանթարի՝ Իրան, Անսելմո Քիֆր՝ Գերմանիա, և այլք/ իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի: Նրա արվեստը ներկայացված է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելլեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ ծանոթ է հայ արվեստաբանությանը։
Մարկոս Գրգորյանը մահացել է 2007 թվականին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում