«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
«Ամեն ինչ ազդում է փառատոնի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դժվար չէ փառատոն կազմակերպելը՝ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը (նկատի ունեն ապրիլի սկզբին շփման գծում ստեղծված իրավիճակը):
Ըստ նրա, շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան, շատերը ոգևորվեցին Հռոմի պապի Հայաստան գալով:
«Փառատոնը կենդանի օրգանիզմ է, ապրող երևույթ, ամեն ինչ՝ լավ, թե վատ, ունենում է իր ազդեցությունը: Սակայն կարողացել ենք հաղթահարել շատ խնդիրներ՝ հրավիրելով լավագույն ֆիլմերը, լավագույն մարդկանց, լավագույն ժյուրիին»,- ասաց Հ.Խաչատրյանը:
Նա նշեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, հրաժարվել են փառատոնի բացումը օպերային թատրոնում անելուց, բեմադրությունից:
«Մտածեցինք, որ պրոֆեսիոնալ փառատոնի համար դա ավելորդ ծախսեր են և ավելի լավ է այդ գումարները ծախսել մի քանի ավելի լավ ֆիլմեր, մարդկանց բերելու համար: Միգուցե կարևոր է այդ գեղեցիկ շոուները, բայց ոչ այսպիսի տարիներին, ոչ այսպիսի ժամանակաշրջանում»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրենը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան