«Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 13-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում ներկայացվելու են Կաննի, Բեռլինի, Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակից ֆիլմերը, ինչպես նաև անվանի կինոգործիչների աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ցուցադրվելու է արտամրցութային 92 ֆիլմ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ Երևանյան պրեմիերաներ ծրագրում ընդգրկվում են ամեն տարվա տարբեր գլխավոր փառատոներին մասնակցած, մրցանակներ ստացած ֆիլմերը:
«Այս ֆիլմերը չափազանց դժվար էր ձեռք բերել, հատկապես փոքր երկրների համար: Բարդ ճանապարհ անցնելով, թանկ վճարելով ֆիլմերի համար՝ ներկայացնելու ենք հայ հանդիսատեսին»,- ասաց Տ.Մանուկյանը:
Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվի «Հարավսլավական սև ալիքի» ամենախոշոր և ակնառու ներկայացուցիչների մեկի՝ սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմոգրաֆիայի լայնածավալ ընտրանին: Նա նաև այս տարվա միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է:
«Ըմբոստ ռեժիսոր է, ժամանակին վտարել էին Հարավսլավիայից, հետո՝ Գերամանիայից: Ռեժիսորն իր առաջին լիամետրաժ ֆիլի համար ստացել է Բեռլինի մրցանակը, 1968-69 թվականներին իսկապես ըմբոստի մտքի խորհրդանիշ էր: Կարևոր է, որ նմանատիպ անձնավորությունները գալիս են Երևան»,- ասաց ասուլիսին ներկա «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ անվանի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը, ով Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ է, կներկայացնի իր ռեժիսորական աշխատանքների երեք, ինչպես նաև օպերատորական աշխատանքներից մեկ օրինակ:
Այս տարի փառատոնը կհյուրընկալի նաև հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին:
«Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին նրան անվանել էր կինոխորհրդանիշ, նրան անվանել են բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին: Ժակլին Բիսեթին կլինի Երևանում փառատոնի գրեթե ողջ ընթացքում, կներկայացնի երեք ֆիլմից բաղկացած իր ծրագիրը: Նրան փառատոնի փակմանը կհանձնվի մեր բարձրագույն մրցանակը»,- ասաց Տ.Մանուկյանը:
Հարգանքի տուրք կմատուցվի հայ հայտնի վավերագրող Ռուբեն Գևորգյանցին 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հատուկ երեկոյի ընթացքում կցուցադրվի Գևորգյանցի 2006 թվականի արտադրության «Հրաշագործի աշունը» ֆիլմը, որը պատմում է իտալացի արվեստաբան Տոնինիո Գուերայի կյանքի մասին:
Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ նրան հանձնվելու է նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակը, իսկ Ռոման Բալայանին՝ «Եղիցի լույս» մրցանակը:
Փառատոնի փակմանը ներկայացվելու է բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին՝ «Անծանոթուհին» կինոնկարը:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան