Լավագույն կին գործարարները ստացան իրենց մրցանակները
Երևանում այսօր տեղի ունեցավ «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2016թ. մրցանակաբաշխությունը: Այն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ՝ ի դեմս «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից:
Մրցանակաբաշխությունում ընտրվեցին լավագույն գործարար կանայք Երևանից և մարզերից:
Մրցանակաները հանձնվեցին 6 անվանակարգերում՝ «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար», «Լավագույն արտահանող կին գործարար»:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ մրցանակաբաշխության անցած չորս տարիների ընթացքում Երևանի և մարզերի կին գործարարներից 45-ն արժանացել են ՀՀ վարչապետի մրցանակի, 53-ին՝ շնորհվել են խրախուսական մրցանակներ և նվերներ: «Վստահ եմ, որ այս տարի ևս պարգևների են արժանանում լավագույն կին գործարարները: Հուսով եմ, որ այս հանգամանքը լրացուցիչ խթան կհանդիսանա թե ձեր գործունեության հետագա զարգացման, թե նոր նախաձեռնությունների մտահղացման և իրականացման համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Այնուհետև շնորհավորելով տարբեր անվանակարգերում հաղթողներին՝ նրանց հանձնեց մրցանակներն ու ՀՀ վարչապետի պատվոգրերը: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվեց երկուական մրցանակ՝ Երևանի և մարզերի լավագույն կին գործարարների համար: 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից:
«Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Աննա Արուտչյանը («Ստարլեթ» ՍՊԸ, Երևան) և Անահիտ Մուրադյանը (ԱՁ/Շիրակի մարզ, Գյումրի, գործունեության ոլորտը խմորեղենի արտադրություն): Հաղթողները պարգևատրվեցին վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:
«Լավագույն կին նորարար» մրցանակը ստացան Հասմիկ Սահակյանը (Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոն» ՍՊԸ, գործունեության ոլորտը Խորհրդատվական ծառայություն) և Արմենուհի Հայրապետյանը (Սյունիքի մարզ, Գորիս, գործունեությունը՝ հյուրանոցառեստորանային համալիր):
«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող են դարձել Սաթիկ Աչիկյանը («ՍԱԹԵՆԻԿ» հրուշակեղեն) և Թամարա Մատինյանը («Համով Խորտիկ» ընկերություն, Լոռի, Ստեփանավան):
«Lավագույն երիտասարդ կին գործարար» ամվականակարգում մրցանակը շնորհվեց Քրիստինե Գրիգորյանին («Կվիստի» ՍՊԸ, hագուստի մոդելավորում, ձևավորում, արտադրություն) և Հայարփի Սարդարյանին (Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ, գործունեության ոլորտը ջերմոցային տնտեսություն) :
«Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեցին Տաևթ Հարությունյանը («Թելի» ՍՊԸ-ը, իրականացնում է աքսեսուարների և տան դեկորի պարագաների արտադրություն) և Լյուդա Բալյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից: Տիկին Բալյանը զբաղվում է 8 տեսակի պանրի արտադրությամբ:
Հաջորդ՝ «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգում մրցանակի արժանացան Անահիտ Մարկոսյանը («ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ, զբաղվում է բնական կոսմետիկ միջոցների արտադրությամբ) և Գայանե Ղազարյանը, ով Արագածոտնի մարզի Աղձք գյուղում զբաղվում է չրերի արտադրությամբ:
Էկոնոմիկայի նախարարության խրախուսական մրցանակին էլ արժանացավ
Քրիստինե Հովհաննիսյանը Սևանից: Նա զբաղվում է հարսանյաց և գեղեցկության սրահների ձևավորմամբ, ինչպես նաև՝ այլ դիզայներական ծառայություններով: Քրիստինե Հովհաննիսյանին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանձնեց հայկական պլանշետ՝ Armtab:
Նշենք նաև, որ մի շարք կազմակերպություններից կողմից ևս խրախուսական մրցանակներ հանձնվեցին գործարար կանանց:
«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգի հաղթող Սաթիկ Աչիկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2011թ-ից զբաղվում է խմորեղենի արտադրությամբ: «Սկզբից օրական երկու հատ գաթա էի թխում, իսկ հիմա օրական թխում ենք 400 հատ գաթա: Այս ամենին հասել եմ մայրիկիս և ամուսնուս օգնությամբ: Այսօր արդեն հասել ենք մեծ հաջողությունների, ունենք մեծ արտադրամաս»,- նշեց տիկին Սաթիկը:
Նրա ղեկավարած արտադրամասում աշխատում է 7 հոգի, արտադրանքը հիմնականում իրացվում է Երևանի սուպերմարկետներում:
Սաթիկ Աչիկյանը մտադիր է ավելացնել արտադրության ծավալներն ու ընդլայնել շուկաները: «Երբ քեզ աջակցում է ընտանիքդ և ունես լավ գործընկերներ, ապա հաջողությունների կհասնես»,- նշեց նա:
Խրախուսական մրցանակների արժանացան նաև սիրահայ կին գործարարները:
Սուզի Թահան Պետրոսյանը, ում խրախուսական մրցանակ տվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), զբաղվում է բիժուտերիայի, պայուսակների, տարոսիկների և այլ նմանատիպ իրերի պատրաստմամբ, կարի պարագաների վաճառքով: Մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստան է եկել 3,5 տարի առաջ Հալեպից: Սկզբնական շրջանում աշխատել են բարեկամների մոտ, որոնք նույնպես զբաղվել են բիժուտերիայի պատրաստմամբ և վաճառքով:
«Առաջին տարին աշխատեցինք իրենց խանութում, հետո երկրորդ խանութը բացեցին և մեզ առաջարկեցին այն ղեկավարել: Այդպես՝ ես և ամուսինս հիմա զբաղվում ենք այդ գործով»,- պատմեց Սյուզի Թահան՝ հավելելով, որ բիզնեսը զարգացնելու նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ վարկ են վերցրել:
Տիկին Սուզին որոշել է՝ հայրենիքից չի հեռանալու, երեխաների ապագան միայն Հայաստանում է տեսնում : «Աղջիկս սովորում է Բժշկական քոլեջում, տղաս՝ ավագ դպրոցում : Եթե գործը լավ լինի, այստեղ հեշտ է ապրելը : Ինտեգրվել ենք, լավ ենք մեզ զգում, միայն ֆինանսական հարցերն են, որից մի քիչ նեղվում ենք»,- ասաց սիրիահայ Սուզի Թահան:
Չնայած նրան, որ ապրում են վարձով, խանութը նունպես վարձակալել են, բայց հետ չեն վերադառնալու. «Այն տպավորությունն է , որ երեխաներս այստեղ են ծնվել, ունեն իրենց շրջապատը, իրենց այստեղ լավ են զգում : Վերջնական որոշել ենք ՝ Հայաստանից ոչ մի տեղ չենք գնալու» :
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները