Վարդավառին ընդառաջ՝ հուլիսի 2-ին, միջոցառում կանցկացվի մայրաքաղաքում
«Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝ Վարդավառին ընդառաջ, հուլիսի 2-ին ժամը 18:00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցուց ազգային նվագարանների, երգերի, պարերի, ազգային խմբերի ուղեկցությամբ շարժվելու ենք Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի քաղաքապետարանի դիմացի մանկական այգին, ուր տեղի է ունենալու տոնին նվիրված արարողություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ, ԱՀԹ երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարդյանն էլ ասաց, որ ազգագրագետների հետ խորհրդակցելով՝ որոշել են վեր հանել այն բոլոր այն հետաքրքրիր սովորույթները, որոնք որ մեր ժողովրդն ունեցել է տաղավարաց, եկեղեցական տոների ժամանակ:
«Ինչ վերաբերում է Վարդավառին՝ ամսի 2-ից մենք ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամների հանրապետության տարբեր շրջաններում ժողովրդի համար կկազմակերպենք տարբեր միջոցառումներ՝ տոնի թե հոգևոր, թե ժողովրդական սովորույթների հետ կապված»,- ասաց ատենապետը:
Նշենք, որ Վարդավառն այս տանի կանցկացվի հուլիսի 3-ին: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: