Վարդավառը շատ լավ նշում են Սևանի ավազանում և Տավուշում. Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան
Հուլիսի 3-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը նաև անվանում են Վարդավառ:
Տոնի խորհրդի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը. «Տոնի հիմնական խորհուրդը կայանում է նրանում, որ Հիսուսը իր երեք առաքյալների հետ միասին՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Երբ Հիսուսն առանձնանում է աղոթքի, առաքյալներն ինչ որ ձայներ են լսում, մոտենում են տեսնում Հիսուի դեմքը պայծառակերպված է, զգեստները լուսավոր, ու նա զրուցում է Մովսես և Եղիա մարգարեների հետ: Պետրոս առաքյալը ասում է՝ «Վարդապետ, ճիշտ կլինի, որ ձեզ համար երեք տաղավար պատրաստենք: Այդ ժամանակ լուսավոր ամպ գալիս է, որից լսվում է Աստծո ձանը. «Նա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով առաքյալներին` Հիսուսը նրանց պատվիրում է ոչ մեկի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Սուրբ Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Մովսես և Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա, իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա: Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով»:
ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգողը նշեց, որ առաքելական բոլոր եկեղեցիներիում հուլիսի 3-ին կմատուցվի սուրբ պատարագ:
«Արդեն երրորդ տարին է, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ սրբազանի օրհնությամբ մեր թեմի երիտասարդները «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրով միջոցառումներ են իրականացնում՝ նվիրված տաղավար տոներին և դրանց նշանակությանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե որ շրջաններում է տոնի նշանակությունն ավելի շատ պահպանվել, Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ասաց, որ շատ լավ նշում է Սևանի ավազանի բնակչությունը՝ և հոգևոր, և ժողովրդական սովորույթների իմաստով. «Այդ շրջանի ժողովուրդը ուխտագնացություն է կազմակերպում այդ օրը, վանքեր մատուռներ են գնում, մատաղ, հյուրասիրություն անում: Տավուշի շրջանում ևս շատ լավ են նշում: Ընդհանրապես յուրաքանչյուր շրջանում տարբեր են նշում, բայց ընդհանուր գաղափարը նույնն է, իհարկե»: