Բացվելու է երիտասարդ նկարչուհի Վարդուհի Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը
Երիտասարդ նկարչուհի Վարդուհի Մխիթարյանի անհատական ցուցահանդեսն այսօր բացվելու է Էջմիածնի քաղաքապետարանում: «Անդորր. ներքին բնանկար» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվելու են նկարչի վերջին 2 տարիների թվով 24 աշխատանք: Panorama.am-ի տեղեկացրեց Վարդուհին:
«Տիեզերք», «Հարթավայր», «Ծաղկած մետաղ» և մյուս կտավերը նկարչի մտորումներն են, բնության՝ նրա ինքնատիպ ընկալումն ու միայն իրեն հատուկ գույներով արտացոլանքը: Այս ցուցահանդեսն էլ նրա «Ներքին բնանկարի», դրա փոթորկուն ու անդորր վիճակների հաշվետվությունն է արվեստագետներին ու արվեստասեր հասարակությանը:
Նշենք, որ ցուցահանդեսը կայանում է Էջմիածնի քաղաքապետարանի, հանձինս ավագանու անդամ, նկարիչ Ներսես Մելիքյանի աջակցությամբ: Ցուցահանդեսի մուտքն ազատ է:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանում երիտասարդ արվեստագետները հիմնականում ինչպիսի՞ խնդիրների են հանդիպում, Վարդուհին ասաց. «Արվեստանոց չունեմ, աշխատում եմ տան պայմաններում: Երևանում վարձակալելու համար ամսական 100 հազար դրամ է անհրաժեշտ: Խնդիրների հանդիպում եմ նաև ցուցահանդես կազմակերպելու ժամանակ: Նկարչի համար շատ դժվար է ցուցահանդես կազմակերպելը, քանի որ ամեն ինչ ինքն է անում:
Նկարներս չեն ընդունում սալոներում վաճառքի համար, քանի որ ճանաչված չեմ: Բայց ինչպե՞ս ճանաչված լինեմ, եթե չեն ընդունում: Ասում են՝ եթե ճանաչված չեք, պետք է վճարեք 500 դոլարից ոչ պակաս: Ես էլ փնտրում եմ անվճար տեղ, որտեղ կարող եմ ցուցադրություն անել: Մտածում եմ դրսում իմ նկարները վաճառելու մասին»:
Չնայած դժվարություններին, Վարդուհին երբեք չի մտածել այն մասին, թե ինչու է ընտրել նկարչի մասնագիտությունը. «Այլ բանով չէի կարող զբաղվել: Նկարելն իմ ապրելակերպն է»:
«Անդորր. ներքին բնանկար»-ը նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2014 թ-ին Նարեկացի Արվեստի Միությունում: