Ոսկերչին առաջին հերթին արագություն, որակ և մաքրություն է անհրաժեշտ. գյումրեցի ապագա ոսկերիչ
«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթին մասնակցած միջին մասնագիտական կրթական հաստատություններում ոսկերչություն, խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիաներ ուսումնասիրող ուսանողներն այսօր պարգևների արժանացան: Մրցույթը Հայաստանում անց է կացվում արդեն 5-րդ անգամ՝ «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը 2012 թվականին Հայաստանի միանալուց հետո:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի համակարգող Աննա Ալեքսանյան պարգևատրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ազգային մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևություն» մասնագիտությունների գծով. «Նախընտրական փուլին մասնակցել են ՄԿՈւ հաստատությունների 54 ուսանողներ Երևանից և մարզերից, որից՝ 15-ը ոսկերչությունից, 28-ը խոհարարությունից, 11-ը նորաձևության տեխնոլոգիայից: Նախընտրական փուլը հաղթահարել են 16 հոգի, որից 6-ը՝ ոսկերչությունից, 5-ը խոհարարությունից, 5-ը նորաձևության տեխնոլոգիայից»:
Աննա Ալեքսանյանի խոսքով՝ համաշխարհային այս կազմակերպության նպատակն է, որպեսզի բիզնեսը և կրթությունը դարձնեն ընդհանուր օղակ, որ ՄԿՈւ հաստատություններ ավարտող երիտասարդները կարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում:
Պարգևատրման արարողությանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով պարգևատրվողներին, նշեց. «Եթե ուսումնասիրում ենք միջին մասնագիտական կրթական օղակիների մասնագիտացումները՝ խոհարարություն, ոսկերչություն, ապա ուսումնասիրում ենք մեր ժողովրդի անցած ճանապարհը, մեր պետության տասնամյակների աշխատանքը, փորձը: Չպետք է մոռանանք, որ մենք Խորհրդային միության ամենաինդուստրիալ հանրապետություններից մեկն էիք և դրա արդյունքը ոչ միայն բարձրագույն կրթությունում էր, այլև միջին մասնագիտական կրթական հաստատություններում»:
Նախարարի խոսքով՝ միջին մասնագիտական կրթական ոլորտն աստիճանաբար ոտքի է կանգնում և կարող ենք ասել, որ արդեն ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխան միջին մասնագիտական կրթություն:
Մրցույթում ոսկե մեդալի արժանացած գյումրեցի Հովհաննես Նազարյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն երեք տարի է զբաղվում է ոսկերչությամբ. «Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում: Հետագայում էլ ավելի պետք է հմտանամ մասնագիտությանս մեջ, ավելի խորացնեմ գիտելիքներս: Սիրում եմ այս գործը և իմ ցանկությամբ եմ ընտրել մասնագիտությունս»:
Իսկ թե լավ ոսկերչին առաջին հերթին ի՞նչ է հարկավոր, Հովհաննեսն ասաց. «Արագություն, որակ և մաքրություն»:
Բրոնզե մեդալ ստացած Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողուհի Քրիստինե Բարխուդարյանն էլ ասաց, որ մրցույթին մասնակցել է՝ մոդելավորողի մասնագիտության մեջ էլ ավելի խորանալու համար, իսկ մրցույթի ժամանակ մանկական հագուստ է ներկայացրել: