Հեսեման. «Պապը ցույց տվեց իր համերաշխությունը Հայաստանի հետ` թուրք-ադրբեջանական ճնշումների ներքո»
«Որպես քրիստոնյա ընտանիք մենք պետք է ցույց տանք մեր համերաշխությունը պատմականորեն աշխարհում առաջին քրիստոնյա ազգի հետ, որն ունի 1700 տարվա հարուստ քրիստոնեական պատմություն և որը շատ բան է պահպանել վաղ քրիստոնյա ժամանաշրջանից», – Panorama.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի պատմաբան, Վատիկանի արխիվային նյութերի հիման վրա գրված «Հայոց ցեղասպանություն»գրքի հեղինակ Մայքլ Հեսեմանը, ով Հայստանում էր գտնվում Հռոմի Ֆրանսիցկոս պապի այցելության օրերին:
Նշելով, որ Հայոց ցեղասպանության իրողությունն անվիճելիորեն փաստարկված է և բոլորին քաջ հայտնի, ինչպես նաև քննադատելով Թուրքիայի արձագանքը ցեղասպանության միջազգային ճանաչման մասով՝ պատմաբանն ասաց, որ Թուրքիան առ այսօր չի փոխվել: Այդ իսկ պատճառով ցեղասպանության հարցը միայն անցյալին վերաբերող հարց չէ, այլ օրհասական և կարևոր է հենց այսօր:
«Կարևոր է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդպիսի իրադարձությունների կրկնման հնարավորություն կա այսօր – քրիստոնյաների, այդ թվում և հայերի գոյությունը վտանգված է Միջին Արևելքում», – ընդգծեց պատմաբանը:
Մեծապես կարևորելով Ֆրանսիցկոս պապի այցը Հայաստան հատկապես այս ժամանակահատվածում՝ գերմանացի պատմաբանն ընդգծեց. «Հռոմի պապի այցը կարևոր էր հատկապես այսօրվա քաղաքական ճգնաճամի իրավիճակում, երբ Հայաստանը շրջապատված է մի կողմից Թուրքիայի խարդավանքներով, իսկ մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումներով, որի ժամանակ Ադրբեջանն օգտագործում էր նույնիսկ ԻԼԻՊ զինյալներին՝ այդպիսով Հարավային Կովկաս ներմուծելով Իսլամական պետության վայրագությունները: Այս այցը շատ հրատապ քայլ էր արտահայտելու համար համերաշխությունը Հայաստանի հետ՝ մի երկիր, որին բաժին է ընկել քրիստոնյաների դեմ իրականացրած հալածանքներից ամենավատթարը՝ ցեղասպանությունը»:
Մայքլ Հեսեմանի կարծիքով միջազգային հանրությունը պետք է որդեգրի շատ ավելի խիստ կեցվածք Թուրքիայի դեմ – այն պետք է լիովին մեկուսացնի Թուրքիային մինչև որ վերջինս չճանաչի ցեղասպանությունը և չփոխհատուցի դրա համար:
Հեղինակ՝ Նվարդ Չալիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա