Վրաստանի փորձի փոխանակման անհրաժեշտություն պրոբացիայի ոլորտում
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 30-ին ընդունել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից:
Արփինե Հովհանիսյանը, ողջունելով գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում ունի բարձր մակարդակի, բարեկամական հարաբերություններ: Նախարարը հույս է հայտնել, որ նրանց Հայաստան կատարած այցն ավելի կամրապնդի արդարադատության ոլորտում առկա փոխգործակցությունը: Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով պրոբացիայի ոլորտում Վրաստանի ձեռքբերումները, ընդգծել է փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:
Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, առկա ներուժն օգտագործելու ու համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել, ինչպես նաև ներկայացրել է պրոբացիայի ոլորտի ձեռքբերումներն ու փորձը:
Հանդիպման ավարտին Կախա Կախիշվիլին ՀՀ արդարադատության նախարարին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան: