Երկար ընդմիջումից հետո վերսկսվում է Պերմյակովի դատավարությունը
Շուրջ մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Հիշեցնենք՝ նիստը արտագնա է և անցկացվում է ՌԴ 102 ռազմաբազայում:
Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Նախորդ դատական նիստում, որը տեղի էր ունեցել մայիսի 27-ին, Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ:
Ինչպես Կիվիրյանն էր ասել Panorama.am-ին, քաղհայցը ներկայացվել է հենց Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ այդ երկիրը Պերմյակովին զինծառայության ուղարկելու համար չի կատարել իր պոզիտիվ պարտավորությունները: Քաղաքացիական հայցի շրջանակներում տուժողների իրավահաջորդները Ռուսաստանի Դաշնությունից պահանջում են 450 հազար եվրոյին համարժեք դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Ավետիսյանների սպանության գործով Ռուսաստանի դեմ 450 հազար եվրոյի քաղհայց է ներկայացվել
- Պերմյակովը դատարանում խոսել է
- Դատարանում հրապարակվել է հանցանքից հետո ծնողներին ուղղված Պերմյակովի նամակը