Երբ Սահմանադրությունը «կսկսի շնչել»
«Սահմանադրությունը բոլորի կողմից պետք է հարգվի: Իմ ուսումնասիրություններում մի եզրահանգում եմ անում, որ հնարավոր կլինի քաղաքակիրթ համակեցություն ունենալ երեք առանցքների վրա. երբ մարդու սոցիալական վարքագծի, քաղաքական վարքագծի, իշխանությունների հանրային վարքագծի հենք իրավունքի գերակայությունը լինի: Այս երեք ոլորտներում էլ մենք մեծ դեֆիսցիտ ունենք, որը պետք է հաղթահարվի»,-այսօր Սահմանադրության օրվան նվիրված ընդունելության ժամանակ նշեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ընդունելության ընթացքում տեղի ունեցավ նաև Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. Պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» մենագրության շնորհանդեսը:
«Հետաքրքրիր է, որ միջազգային պրակտիկայում նման ուսումնասիրությունները շատ քիչ են, երեք-չորս մենագրություն ընդամենը, և սահմանադրական մշակույթ երևույթը շատ քիչ է ուսումնասիրված: Փորձել եմ պատմատրամաբանական մի ուսումնասիրություն կատարել, նախաքրիստոնյա շրջանից մինչև մեր օրերը, հայ իրականությունը, միջազգային զարգացումները, եվրոպական, ամերիկյան սահմանադրական առանձնահտկությունները և ցույց տալ ինչ տրամաբանությամբ և ուր է զարգանալու ընդհանրապես սահմանադրական մշակույթը և որոնք են այսօրվա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարվեն»,-ասաց սահմանադրական դատարանի նախագահը:
Ըստ նրա՝ ընդհանրապես մասնագետների եզրահանգումներն այն են, որ այսօր հասարակական շատ չարիքներ սահմանադրության դեֆիցիտի արդյունք են, իսկ դա դրսևորվում է գրեթե ամեն օր և պահանջում է նոր կառուցակարգային և այլ լուծումներ՝ դրանք հաղթահարելու համար. «Դրա համար ես այս գրքում առաջարկում եմ հայեցակարգային նոր մոտեցում սահմանադրական նոր մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ, որը լրջագույն ինստիտուտ է և մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային պրակտիկայում»:
Գրքի հեղինակը տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովը 106-րդ լիագումար նիստում այս հարցի վերաբերյալ լսել է իր զեկույցը, այնուհետև ծրագրել կազմակերպել համաեվրոպական խորհրդաժողով՝ սահմանադրական մշտադիտարկմանը նվիրված, որը կլինի հոկտեմբերին՝ Երևանում: Խորհրդաժողովի ժամանակ միջազգային կառույցների տասնյակ պատվիրակություններ կքննարկեն հենց այդ խնդիրը:
Լրագրողների հարցին, թե երբ նկատելի կլինեն սահմանադրական բարեփոխումների արդյունքները, նա պատասխանեց. «Դա բավականին լուրջ և տևական խնդիր է: Դեռ այսօրվա նախնական գնահատումներով հարյուրից ավելի օրենքներ պետք է ընդունվեն, մեկ տասնյակից ավելի օրգանական սահմանադրական օրենքներ էլ կավարտվեն 2018 թվականին: Եվ երբ իրավական դաշտը ամբողջությամբ ներդաշնակ լինի սահմանադրական լուծումներին և կառուցակարգային լուծումները համապատասխանեցվեն սահմանադրական լուծումներին, նոր սահմանդրությունը կսկսի շնչել, աշխատել»:
Նրա խոսքով ամեն օր տեսնում ենք ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ և այդ պատճառով էլ իր գրքում պատգամ է անում երիտասրադներին պատմության դասերից իմաստնացած՝ կերտել երազների Հայաստանի Հանրապետությունը, իսկ մյուսներն էլ անեն առավելագույնը, քանի դեռ ուշ չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան