Նինո Բուրջանաձեն ՆԱՏՕ-ի անդամակցելու դեմ ստորագրահավաք է նախաձեռնել
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն երկրի բնակչության շրջանում ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի երկիրը հրաժարվի որևէ ռազմական կազմակերպության մեջ մտնելուց և այս դրույթը ամրագրվի օրենսդրական մակարդակով: «Eadaily.com»-ի փոխանցմամբ`քաղաքական գործիչը այս մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ Վրաստանի Սահմանադրության 7-րդ գլխին պետք է հավելվի նոր հոդված, որի համաձայն Վրաստանը ոչ բլոկային կարգավիճակ կհայտարարի: Այսինքն, Վրաստանը կհրաժարվի ամեն տիպի ռազմական բլոկի անդամակցությունից` լինի դա ՆԱՏՕ-ն կամ յուրաքանչյուր այլ ռազմական կազմակերպություն: Վրաստանում չպետք է գտնվեն ո´չ ՆԱՏՕ-ի, ո´չ Ռուսաստանի զորքերը: Եվ երբ ես ասում եմ Վրաստանում, բնականաբար նկատի ունեմ միասնական Վրաստանը` ներառյալ Աբխազիան ու այսպես կոչված Հարավային Օսիան»,- նշել է Նինո Բուրջանաձեն:
Քաղաքական գործչի խոսքերով` տվյալ նախաձեռնությունը կլինի «Վրաստանի անկախության, կայունության, խաղաղության, տարածքային ամբողջականության ու տնտեսական զարթոնքի երաշխիք»:
«Մեր երկիրը չի կարող մնալ երկու գերտերությունների դիմայության փորձադաշտ և փորձարկումների վայր»,- հայտարարել է Բուրջանաձեն: