Պետքարտուղարության զեկույցը. Հայ կանայք և երեխաները երկրի ներսում ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի
«Հայ կանայք և երեխաները ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում, ինչպես նաև սեռական թրաֆիքինգի Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում»: Նման տվյալներ են ներառված ԱՄՆ Պետքրատուղարության «Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ.» երեկ հրապարակված զեկույցում:
Ըստ զեկույցի տվյալների՝ « Հայաստանում սեռական թրաֆիքինգի են ենթարկել Չինաստանի քաղաքացի կանանց: Հայ տղամարդիկ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում: Հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից:
Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները:
«Կոնֆլիկտի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում՝ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար առկա է շահագործման ռիսկը և պարտքի դիմաց նրանք ենթարկվել են աշխատանքային շահագործման: Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:
Կառավարությունը միջոցներ է հատկացրել զոհերին մատուցվող ծառայությունների համար և ապահովել է համաֆինանսավորում հասարակական կազմակերպության կողմից գործարկվող 2 թրաֆիքինգի զոհերի կացարաններից մեկին: Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը կանոնավոր նիստեր է գումարել՝ համակարգելու այդ ուղղությամբ կառավարությունում տարվող աշխատանքները»
Զեկույցի հեղինակները Հայաստանին առաջարկում են. «Բարելավել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման հարցում, ընդունել գործողությունների նոր ազգային ծրագիր, աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ հարկադիր աշխատանքի հայ զոհերին բացահայտելու և աշխատանքային թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցումմ աշխատել հասարակական կազմակերպությունների հետ գտնելու ուղիներ Թուրքիայում հայ զոհերին բացահայտելու ու աջակցելու համար և ապահովելու վերաինտեգրումը: Ընդունել օրենսդրություն տուժողների կամ վկաների պաշտպանության միջոցներ ձևավորելու համար, արդյունավետորեն մշակել և ներդնել թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմներ, շարունակել ակտիվ գործընկերությունը քաղաքացիական հասարակության խմբերի հետ»: