Հանրային լողափերում հանգստի շրջանն այսօրվանից մեկնարկում է
Հուլիսի 1-ից Սևանա լճի ափամերձ տարածքներում, «Սևան» Ազգային պարկի կողմից սպասարկվող երեք հանրային լողափերում կմեկնարկի լողափերի գործարկման շրջանը:
«Սևան» Ազգային պարկի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանի տեղեկացմամբ, լողափերի բացմանն ընդառաջ կատարվել և կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Գեղարքունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ, աղբից մաքրվել և բարեկարգվել են տարածքները, միացվել կամ վերականգնվել է ջրամատակարարումը և էլեկտրասնուցումը, վերանորոգվել են խաղահրապարակները, սանհանգույցները, շվաքարանները, և մինչև հուլիսի մեկը կվերականգնվի նաև լողափերի ավազային շերտերը:
Գեղարքունիքի մարզպետարանի և Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների համագործակցությամբ հանրային լողափերում ստեղծվել են անվճար բժշկական և փրկարար ծառայության կետեր, իսկ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հանգստի շրջանում կիրականացվի շուրջօրյա հերթապահություն:
Հիշեցնենք, օրար առաջ լողափերին ծանոթացած բնապահպանության նախարարը նշել էր, որ կան որոշակի չկարգավորված խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել:
Դրանք են` առաջին լողափում ավազային շերտի ապահովումը, նույն վայրում մամռակալած տարածքների մաքրումը և որոշ տարածքներ ավելորդ բույսերից մաքրելը:
Այս պահին քննարկվում է լճի ափամերձ հատվածներում չորրորդ հանրային լողափի կառուցման հարցը, որն, ի տարբերություն նախորդ երեքի, կառուցվելու է պետական աջակցությամբ, համայնքի համաֆինանսավորմամբ և առանձին մասնավոր ներդրումներով: Առաջինը պատրաստակամություն հայտնեց Ծովագյուղ համայնքը` 17 մլն ներդրմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային լողափերի ավելացումը կբերի նրան, որ մասնավորները վերանայեն իրենց քաղաքականությունը. Ավալյան
- Սևանի հանրային լողափերը ավելանում են
- Սևանի հանրային լողափերում կան երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ
- Ա.Ավալյան. Սևանա լճում գործող հանրային լողափերը բավականին ծանրաբեռնված են
- Հանրային լողափում հանգստյան օրերին 1200 մարդ է հանգստանում