ԼՂՀ ՊԲ զինծառայողների սպանության և խոշտանգումների կապակցությամբ քրգործերը կասեցվել են
2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հարձակման ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական 6 գործ: Դրանց շրջանակում նշանակված բոլոր 22 դատաբժշկական փորձաքննություններն ավարտվել են:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ գլխավոր դատախազության Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման բաժնի պետ Կարեն Գաբրիելյանը:
Հարուցված գործերից երեքը զինծառայողների գլխատման է վերաբերում՝ պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանի, ժամկետային զինծառայողների Քյարամ Սլոյանի, Հայկ Թորոյանի: Այդ գործերը հարուցված են ԼՂՀ Քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 6-րդ մասով :
«Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն, Հրանտ Ղարիբյանի ու Քյարամ Սլոյանի պարագայում տեղի է ունեցել դիակի անարգում, այսինքն, նրանք գլխատվել են սպանությունից հետո: Հայկ Թորոյանը գլխատվել է կենդանության օրոք, մահվանից վայրկյաններ առաջ, ինչն էլ բերել է մահվան»,-ասաց Կարեն Գաբրիելյանը:
Նրա խոսքով, ելնելով գլխի բացակայության հանգամանքից ներկայումս որոշել, թե գլխի շրջանում եղե՞լ են վնասվածքներ, որոնք կարող էին պատճառահետևանքային կապի մեջ գտնվել մահվան անմիջական պատճառի հետ, հնարավոր չէ:
«Գլխատված զինվորներից միայն մեկի գլուխն է վերադարձվել հայկական կողմին»,-ասաց ԼՂՀ Գլխավոր դատախազության բաժնի պետը:
Մյուս քրեական գործը Ռաֆիկ Հակոբյանի և Աղասի Ասատրյանի վերաբերյալ է. «Նրանց ականջներն են կտրել, դիակներն անարգանքի ենթարկել»:
Քրեական գործերից չորրորդը հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած Ռոբերտ Աբաջյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի վերաբերյալ է:
«Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անարգանքի են ենթարկել վերջիններիս դիակները` կտրելով ականջները: Եզրակացության համաձայն, Անդրանիկ Զոհրաբյանի դաստակը կտրել են մինչև մահը»,-ասաց Կ. Գաբրիելյանը:
Վերջին գործը վերաբերում է 15 զինծառայողների: Փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանին, Ռոման Պողոսյանին, Օնիկ Գրիգորյանին, մայոր Սուրեն Մելքումյանին, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանին, շարքայիններ Ժորա Եսայանին, Բագրատ Ալեքսանյանին, Բորիս Օզմանյանին, Գրիգոր Հարությունյանին, սերժանտ Ադամ Սահակյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանին սպանելուց հետո անարգանքի են ենթարկել վերջիններիս դիակները` կտրելով ականջները:
Ժամկետային շարքային զինծառայող Տիգրան Բերակչյանին սպանելուց հետո կտրել են ականջներն ու աջ ձեռքի 2-րդ և 3-րդ մատները, ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Անդրեասյանին սպանելուց հետո` կտրելով դիակի ձախ ականջը, նաև պարանոցին ու կրծքավանդակին կատարել են կտրվածքներ, շարքային Ազատ Սիմոնյանին սպանելուց հետո կտրել են դիակի աջ դաստակի առաջին մատը, սպանելուց հետո հանել լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ձախ աչքը:
«Քրեական գործերով նշանակված բոլոր փորձաքննություններն ավարտվել են: Այս պահին քրեական գործերը կասեցվել են անհաղթահարելի ուժի պատճառով»,-ասաց Արցախի դատախազության ներկայացուցիչը:
Նշենք, որ ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածը սահմանում է քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը:
Այսպիսով օրենքգքրի 31 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է.
«Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին»:
«Կասեցվել չի նշանակում ավարտվել, այս պահին ընդհատված է»,-ասաց Կ. Գաբրրիելյանը: ԼՂՀ դատախազության ներկայացուցիչը նշեց, որ դատախազությունը պատրաստ է քրեական գործերի նյութերը տրամադրել միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին ու կառույցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան