Տեսահսկման սարքերը մարդու մասնավոր կյանքի իրավունքն են խախտում. Փորձագետ
Հայաստանի տարբեր վայրերում համատարած տեսախցիկների կամ տեսահսկման սարքերի տեղադրումը, դրանցով տեսագրված նյութերի բաշխումը, պահպանումը օրենսդրորեն չի կարգավորվում։ Այդ մասին այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց թվային իրավունքի փորձագետ Անդրանիկ Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ միջազգային փորձը երկու տարբերակ է առաջարկում այն դեպքում, երբ քաղաքացին ցանկանում է շենքի մոտ տեսահսկման սարք տեղադրել. եթե շենքում որևէ մեկը դեմ է սարքի տեղադրմանը, ապա այն 24 ժամվա ընթացում պետք է ապամոնտաժվի, իսկ երկրորդ դեպքում սարքը տեղադրել ցանկացող մարդը պետք է մյուս բնակիչներից թույլտվություն հավաքի։
«Գրեթե բոլոր խանութներում էլ տեղադրված են տեսահսկման սարքեր, բացի զուգարաններից ու հանդերձարաններից։ Դրանք տեղադրողները պարտավոր են զգուշացնել հաճախորդին։ Ոչ մի օրենքով նշված չէ, թե ինչքան պետք է պահվեն նյութերը, մշակված չէ, թե ինչպես պետք է օգտագործվեն դրանք։ Շատ հնարավոր է հավաքում են նյութերը, պահեն մի քանի տարի և օգտագործեն այլ նպատակներով, քան սկզբնական նպատակն էր», -հավելեց Մարկոսյանը։
Նա պնդում է, որ պետք է մշակվի օրենք, որը կկարգավորի՝ ինչպես են պահպանվելու տեսահսկման սարքերով արված ձայնագրությունները, ով է իրավասու դրանց օգտագործման համար և որքան պետք է պահպանվեն այդ ձայնագրությունները։
«Միշտ հարց է առաջացել, թե արդյոք տեսահսկման սարքերով նկարահանված նյութերը վերաբերում են անհատական տվյալներին, թե՞ ոչ, իմ կարծիքով, ոչ, քանի դեռ չեն իդենտիֆիկացրել այն անձին, որը նկարահանվել է այդ սարքերով։ Բայց այստեղ խախտվում է ուրիշ բան՝ մարդու մասնավոր կյանքի իրավունքը», -հայտարարեց Մարկոսյանը։