Փոխարտգործնախարար. Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից
Ուժի կիրառումը չի կարող արդարացում ունենալ, հատկապես այն հակամարտությունների համատեքստում, որոնց կարգավորման շուրջ ընթանում են համաձայնեցված ձևաչափով բանակցություններ։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ ելույթ ունենալով հունիսի 28-ից 30-ը Վիեննայում անցկացված ԵԱՀԿ 2016թ. Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսում:
Փոխնախարարի խոսքով, որ ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ ոտնահարում է, և որ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից ստանձնած հանձնառություններն ու սկզբունքները չպետք է դառնան տարընթերցման առարկա, այլ պետք է լիարժեքորեն իրականացվեն: Որպես առաջնային սկզբունք առանձնացվել է ուժի չկիրառումը, որի վրա էլ խարսխված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»,-ընդգծել է Հովակիմյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, կարևորվել է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև մատնանշվեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները չեն վկայում խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու և ուժի հետագա կիրառումը բացառելու Ադրբեջանի մտադրության մասին:
Ելույթ ունենալով ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների իրավիճակների անվտանգության հարցերին նվիրված նստաշրջանում՝ Աշոտ Հովակիմյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար:
Փոխնախարարը կարևորել է Ադրբեջանի կողմից Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն է արգելափակում ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջարկությունն՝ ուղղված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը:
Աշոտ Հովակիմյանն իր խոսքում ընդգծել է, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպման նախօրեին շփման գծի մոտակայքում Ադրբեջանի կողմից առանց նախնական ծանուցման մեծածավալ զորավարժությունների անցկացումը կասկածի տակ է դնում անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման ուղղությամբ ադրբեջանական կողմի պատրաստակամությունը:
Հարակից հրապարակումներ`
- Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը
- «Ադրբեջանը փորձում է ասել, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները կեղծարարությամբ են զբաղվում»
- Չեմ կարծում, որ հանդիպումներից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական մոտեցում է. Նալբանդյան
- Ադրբեջանը օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին