Թալիշի գյուղապետը դիմել է Արցախի օմբուդսմենին
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը հունիսի 30-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։
Արցախի օմբուդսմենի աշխատակազմի հաղորդմամբ, համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաք աշխատանքները դադարեցվել են:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի և սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։
Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող և հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ։
Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով, պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում և իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը։
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ հայտարարել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:
Մասնավորապես, երեկ` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան