Արթիկի քաղաքապետ. «Այս դեպքում ոչինչ հնարավոր չէր անել»
Աղետի գլխավոր պատճառն աննախադեպ առատ տեղումներ են եղել,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ տեղումները եղել են Արագածի ստորոտին, Արթիկի վարչական տարածք համարվող արոտներում, բացի այդ շուրջ 1,5 ժամ ինտենսիվ կարկուտ է տեղացել, արդյունքում՝ այդ ամբողջ ջրային զանգվածը խառնվել է դեռևս չհալված ձյան հետ ու Արթիկի ձորերով այդքան մեծ ծավալի ջուրը շարժվել է դեպի քաղաք:
«Ես 15 րոպե առաջ հովիվի կողմից տեղեկացված էի, որ ջուրը քաղաքին է մոտենում, բայց այդ ծավալների մասին չէր կարելի պատկերացնել անգամ ամենադաժան երազում: Արթիկի պատմության մեջ երբևէ այս կարգի հեղեղ չի եղել»,- ասաց Արսեն Աբրահամյանը:
Արդյունքում, ըստ նրա, նաև խոշոր ժայռաբեկորներ, քարեր լցվել են քաղաք:
Անդրադառնալով այն լուրերին, թե հեղեղատարները մաքուր չեն եղել, Արթիկի քաղաքապետը հերքեց՝ նշելով, որ հեղեղատարները բաց են եղել:
«Խնդիրը նրանում է, որ Արթիկ տուֆի հայտնագործումից ի վեր, 1930-ականներից հետո, շուրջ 60 տարի քարհանքերի ինտենսիվ շահագործման ժամանակ այդ թափոնները լցվել են ձորակները, բայց իրենք որ թե խոչընդոտել են հեղեղատարի հունը, այլ եղել են ձորակների լանջերին: Իսկ ջրի մակարդակը երբևէ այնպիսին չի եղել, որ կարողանար այդ թափոնները լցվեին գետը: Իսկ այդ անգամ այնքան շատ էր ջուրը, որ այդ ամբողջ զանգվածը բերեց քաղաք: Այս դեպքում ոչինչ հնարավոր չէր անել»,- նշեց Արսեն Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ խոչընդոտներից մեկն էլ գետակի վրայի ապօրինի կառույցներն էին, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին: Արսեն Աբրահամյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ որևէ շինթույլտվություն չի տվել, սակայն ընդունեց, որ չի վերանայել նաև նախկին թույլտվությունները:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանն էլ նշեց, որ աղետի օրը՝ հունիսի 24-ին, մինչև ուշ գիշեր Արթիկում է եղել Տարածքային կառավարման և արգացման նախարարը, հետո նաև վարչապետը, ստեղծվել է վնասների չափի գնահատման հանձնաժողով, որտեղ ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նրա խոսքերով՝ նախարարության ներկայացուցիչը մինչ օրս գտնվում է Արթիկում , հետևում է աշխատանքների ընթացքին:
Անդրադառնալով այն լուրերին, թե աղետի հետևանքների վերացման աշխատանքները ուշ են սկսվել, վարչության պետն ասաց, որ ջրի հոսքը առաջին օրերին չի դադարել, դրա համար աշխատանքներին մեծ թվով տեխնիկա հնարավոր չի եղել ներգրավվել:
«Այսօր նախարարություն է զանգահարել մի շիրակցի և ասել, թե «էս ինչ կենեք, Արթիկը վերածել եք курский дуга-ի»: Այսինքն՝ այնքան տեխնիկա է այսօր Արթիկում աշխատում, որ այս պարագայում խոսել տեխնիկայի բացակայության, փոքր ծավալի աշխատանքների մասին, տեղին չէ», - նշեց նա:
Վարչության պետը վստահեցրեց նաև, որ Հռոմի պապի այցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները որևէ կերպ չեն խոչընդոտել:
«Իմ կարծիքով, այստեղի աշխատանքները կարճաժամկետ չեն: Միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ պետք է կատարվեն»,- ասաց նա:
Նշենք, որ այս կերպ պարզ է դառնում Արթիկի քաղաքապետի մոտեցումը խնդրին, ու երևի թե զարմանալի չի, որ քաղաքը այսքան անպատրաստ էր, թեկուզ վարար, բայց՝ անձրևին։
Հարակից հրապարակումներ`
- Արթիկի հեղեղից տուժած մեկ բնակարանի վերանորոգման համար կհատկացվի մինչև 4 մլն 600 հազ. դրամ
- Արթիկում նեխման պրոցես է սկսվել. Փաշինյան
- Բնապահպաններ. Այն ինչ պատահեց Արթիկում, յուրաքանչյուր պահի կարող է կրկնվել այլ բնակավայրերում
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է