Քննարկվել են փակ հաստատություններում անչափահասների պահման պայմանների շարունակական բարելավման հարցեր
Ժնևում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախօրեին հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության գրասենյակի տնօրեն Մարի-Պիեր Պոիրերին: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը: Մասնավորապես, քննարկվել են փակ հաստատություններում անչափահասների պահման պայմանների շարունակական բարելավման, այդ վայրեր մոնիտորինգային այցեր իրականացնելու և դրանց արդյունքում համապատասխան առաջարկներ ձևավորելու հետ կապված հարցեր՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության համատաեքստում: Կարևորվել է նաև երեխայի լավագույն շահի հայեցակարգի հիման վրա գործելը:
Կողմերը հատուկ ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԱԿ-ի հանձնարարականների հիման վրա Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը սույն թվականի հունիս ամսին: Այդ բաժնի ստեղծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ գործունեություն ծավալել, ինչպես նաև առավել ակտիվ ինտեգրվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կառույցների աշխատանքներին:
Արման Թաթոյանը կարևորել է համագործակցության բարձր մակարդակը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ: Մասնավորապես, նշվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև աշխատանաքը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի