ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել պատժել Ստամբուլի ահաբեկչության կազմակերպիչներին
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողությունը և կոչ է արել պետությունների ղեկավարներին համագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ՝ ահաբեկչության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին հայտնում է «РИА новости» գործակալությունը:
«Անվտանգության խորհրդի անդամները ընդգծում են ահաբեկչական այդ դատապարտելի գործողությունների կազմակերպիչներին, հովանավորներին ու իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և կոչ են անում բոլոր պետություններին միջազգային իրավունքի նորմերին և Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան ակտիվորեն համագործակցել Թուրքիայի ղեկավարության և այդ գործին առնչվող մյուս իշխանությունների հետ»,-ասվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնեցված հայտարարության մեջ:
Խորհուրդը միաձայն դատապարտել է ահաբեկչական գործողությունը, իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանն ու զոհվածների ընտանիքներին: