Կբացվի կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդես
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր կբացվի ցուցահանդես` նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի ծննդյան 160-ամյակին: Panorama.am-ին մշակույթի նախարարությունից տեղեկացրեցին, որ ցուցահանդեսում կներկայացվեն արխիվային լուսանկարներ, անձնական իրեր, տպագիր համերգային ծրագրեր, ազդագրեր ու ստեղծագործությունների նոտաներ և այլ ցուցանմուշներ: Ցուցադրության բացմանը կհաջորդի Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը:
Հայ խորհրդային կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, երաժշտական գործիչ, աշխատանքի հերոս Նիկողայոս Տիգրանյանը ծնվել է 1856 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Ինը տարեկանում կորցրել է տեսողությունը։ Սովորել է Վիեննայի կույրերի ինստիտուտում։ Դաշնամուր նվագել սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վ․ Շենների մոտ, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել տեսական առարկաներ՝ կոնսերվատորիայի ծրագրով։ 1893 թվականին կատարելագործվել է Ն․ Ֆ․ Սոլովյովի մոտ (կոմպոզիցիայի տեսություն), Պետերբուրգում:
Գյումրիում կազմակերպել է կույրերի դպրոց, դասավանդել երաժշտատեսական առարկաներ։ 1894 թվականից Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, արևմտյան Եվրոպայի քաղաքներում բազմիցս հանդես է եկել որպես դաշնակահար, կարդացել դասախոսություններ։ Հրապարակել է արևելյան երաժշտության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ 1934 թվականին փոխադրվել է Երևան: Հայ կոմպոզիտորներից առաջինն է, որ ձայնագրել է և մշակել (դաշնամուրի և կամերային անսամբլների համար) հայ աշուղների, դուդուկահարների, սազանդարների հորինած և կատարած երգերը, պարերը, մուղամները և դաստգյահները։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են Մոսկվայում և Պետերբուրգում՝ սկսած 1887 թվականից և բազմաթիվ անգամ վերահրատարակվել Սովետական Հայաստանում: 1934-1946 թվականին Տիգրանյանը իր ստեղծագործությունների որոշ մասը մշակել է փողային, սիմֆոնիկ և կամենային նվագախմբերի համար։ 1900 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին Տիգրանյանը պարգևատրվել է բրոնզե մեդալով։ 19-րդ-20-րդ դարի սկզբին Անդրկովկասի քաղաքներում կենցաղավարող հայկական, պարսկական, քրդական ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության շատ նմուշներ պահպանվել են Տիգրանյանի գրառումների շնորհիվ։ Մի շարք կոմպոզիտորներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Մ․ Իպոլիտով-Իվանով, Գ․ Կազաչենկո, Ռ․ Գլիեր, Արմեն Տիգրանյան, Սարգիս Բարխուդարյան, Ա․ Ս․ Այվազյան, Արամ Խաչատրյան, այդ մեղեդիները օգտագործել են իրենց ստեղծագործություններում։ Տիգրանյանը հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից է։ Իր մշակումներում ձգտել է պահպանել «հավատարմությունը բնագրի ոգուն», հաղորդել ժողովրդական գործիքային հնչողության և բազմաձայնության, ժողովրդական մեղեդիների լադերի առանձնահատկությունները, ժողովրդական պարերի պլաստիկան։ Ժողովրդական մեղեդիների գրառման և մշակման Տիգրանյանի հայտնաբերած հնարները, ինչպես նաև դաշնամուրային մանրանվագներում և բազմամաս կոմպոզիցիաներում կիրառվող ձևակառուցման սկզբունքները հետագա զարգացում են գտել բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում։
Ն.Տիգրանյանը մահացել է Երևանում 1951 թվականին: