Պետական միջամտությունը պարտադիր է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ինտեգրվեն աշխատանքային ոլորտ. հոգեբան
«Հաշմանդամություն ունեցող անձանց հոգեբանական ինտեգրումը հասարակություն պետք է սկսել հենց «հաշմանդամ» տերմինը փոխելուց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:
Ըստ նրա՝ այդ բառը որոշակի պիտակավորում է ենթադրում և կարելի է փոխարինել «հատուկ կարիք ունեցող անձինք» ձևակերպումով:
Ինչ վերաբերում է ընդհանուր ինտեգրմանը՝ հոգեբանն ասաց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի հիմնական ոլորտի ինտեգրմանը. կենցաղային՝ առօրյա շփման հետ կապված, սոցիումի հետ հաղորդակցման հետ կապված, աշխատանքային ոլորտում:
«Աշխատանքային ոլորտը երևի թե ամենացավոտն է: Եթե հնարավոր է կենցաղային կյանքի ինտեգրմանը մասնավոր կազմակերպությունների հետ աշխատելով արդյունքի հասնել, ապա աշխատանքայինի համար պետական միջամտությունը պարտադիր է »,-նշեց Արկադի Մեհրաբյանը:
Հոգեբանն աշխատանքային ինտեգրման առումով առանձնացրեց արտակարգ իրավիճկաների նախարարությունում աշխատանքը. «ԱԻՆ-ը լայնածավալ զբաղվում է այս հարցով»:
Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց կրթական հաստատություններում տեղաշարժման հետ կապված խնդիրներին, նա նշեց, որ սա շատ վիճելի հարց է և կրթական համակարգն այդ առումով երկու քարի արանքում է գտնվում. «Որոշում կա, որ բոլոր դպրոցները պետք է լինեն ներառական, որպեսզի տարանջատում չլինի, բայց մյուս կողմից էլ հաշմանդամություն ունեցող երեխաներին հարկավոր է հատուկ ուշադրություն, հատուկ մոտեցում, և այդ առումով մասնագետների քանակը բավարար չէ կրթական համակարգում, որպեսզի լիարժեք իրականացվի կրթությունը: Սա էլ առաջացնում է խոչընդոտներ, որն էլ բերում է ոչ լիարժեք զարգացման և արդյունքում ունենում ենք ուղղակի ատեստատ կամ դիպլոմ ստացած ստացած երեխա, որը չունի իրեն անհրաժեշտ գիտելիքները»:
Անդրադառնալով հասարակության վերաբերմունքին նա նկատեց, որ մինչև հիմա հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ «ոչ լիարժեք մարդու» կարծրատիպը կոտրված չէ հասարակության մեջ: