«Վարդավառի ծիսակատարության մեջ ազատության գաղափար է եղել՝ հարս, սկեսուր, սկեսրար հարաբերություններում». Ագուլեցի
«Ժողովրդականը և քրիստոնեականը 1700 տարի միասին են եկել, դա բացառիկ բան է»,-այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝ Վարդավառին:
Ազգագրագետը պատմեց, որ Գրիգոր Լուսավորիչն, ըստ իր կոնդակի, ժողովրդական տոները միացրել է եկեղեցական տոներին, այդ պատճառով էլ մենք ասում ենք ոչ թե միայն Վարդավառ, այլ նաև Քրիստոսի Պայծառակերպության տոն: Այդ թվում նաև մյուս տոները՝ Զատիկ և Սուրբ Հարություն, Ամանոր և Սուրբ Ծնունդ:
«Բայց ինչևիցե, մեր եկեղեցին ավելի լավ է նշում իր տոները, քան ժողովուրդը: Մեր ժողովուրդն իր մշակույթով է շատ հարուստ է, եկեղեցին իր արարողակարգով և հոգևոր աշխարհով է շատ հարուստ, մենք չենք կարողանում այդ երկուսը միացնել: Եթե կարողանանք միացնել, շատ հոգևոր հարուստ ազգ կլինենք»,-նշեց Ագուլեցին:
Նրա խոսքով՝ Վարդավառը մայրիշխանությունից, նախաքրիստոնեությունից եկած տոն է, որը եկել և միացել է Քրիստոնեությանը:
Անդրադառնալով Վարդավառի ստեղծագործական ընթացքին՝ ազգագրագետն ասաց, որ տոնն ունեցել է իր կերպարները. «Առանձնահատուկ է եղել Նուրի կերպարը, որը կապված է անձրևաբերության հետ: Եթե անձրև չլինի, բերքն առատ չի լինի, մարդիկ սկսել են գովերգել Նուրի տիկնիկին, որը Քրիստոնեությունից առաջ աստվածուհի է եղել: Ընդհանրապես Քրիստոնեությունն ընդունելուց հետո աստվածուհիները դարձել են կերպարներ, այդ կերպարներից են Խուջկուլուլուն, Խուրձկուլուլուն, Գոդին, Ճոլին: Յուրաքանչյուր տիկնիկ հանդես է եկել և արական, և իգական կերպարներում: Տարբեր գավառներում տարբեր ծիսական տիկնիկներ են պատրաստել»:
Ագուլեցին պատմեց նաև, որ նախկինում Վարդավառի ժամանակ առավոտյան պետք է զոհաբերություն անեին, գառ մորթեին, դրանից հետո գնայնի եկեղեցի պատարագի. «Այն ժամանակ թե երիտասարդը, թե տարեցը, թե երեխան գիտեր իր անելիքը, առաքելությունը: Հիմա չգիտեն, Հիմա առավոտյան արթնանում վազում են աշխատանքի, ժամանակ չի մնում երբևիցե տոնի մասին մտածելու: Հնում յուրաքանչյուր ծեսի ժամանակ պարտավորվածություն կար թե տան հարսի, թե մամիկի, թե տան տղամարդու վրա»:
Ազգագրագետը Վարդավառի ծիսակատարության մեջ առանձնացրեց ազատության գաղափարը՝ հարս սկեսուր, սկեսրար հարաբերություններում. «Եթե հարսը իրավունք չուներ խոսելու սկսերարի հետ, ապա տոնին ջրելու ժամանակ կարող էր ջուր ցանել նրա վրա՝ որպես օրվա խորհուրդ: Հիմա չեն անում, քանի որ դրա իմաստը չեն հասկանում»:
Իսկ ինչ վերաբերում է այս ծեսերի մասին դպրոցներում երեխաներին ուսուցանելուն, Ագուլեցին հավելեց, որ նախ պետք է ուսուցիչներն իրենք սովորեն, ուսումնասիրեն դրանք, նոր ուսուցանեն:
Հարակից հրապարակումներ`
- Վարդավառին ընդառաջ՝ հուլիսի 2-ին, միջոցառում կանցկացվի մայրաքաղաքում
- Վարդավառը շատ լավ նշում են Սևանի ավազանում և Տավուշում. Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան
- Լուսիկ Ագուլեցի. Քրիստոնեությունն ունի իր, ժողովրդական մշակույթն՝ իր գաղափարները
- «Ու գիտեք ինչ` երբ տուն ես գնում, ներս է մտնում մարդը, ոչ թե կոչումը». 5 կերպար Լուսիկ Ագուլեցուց
- Լուսիկ Ագուլեցի. «Իմ ցանկությունն է, որպեսզի մեր մշակույթը վերականգնվի և մարդիկ իրենց տոները անճաշակության չվերածեն»
- ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ. «ՀԱՅ ԿԻՆՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ»