Բարեկամ Հայաստանի և Տաջիկստանի հարաբերություններն ավելի խորացնելու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացմանը և տարբեր ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի լիարժեք օգտագործմանը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:
Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել երկկողմ շփումներն ու փոխգործակցությունը, ընդգծելով, որ բարեկամ Հայաստանի և Տաջիկստանի հարաբերություններն ավելի խորացնելու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, երկու երկրները արդյունավետորեն համագործակցում են ՀԱՊԿ-ի շրջանակներում և միջազգային տարբեր հարթակներում:
Տաջիկստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ Նախագահին փոխանցել Նախագահ Էմամոլի Ռահմոնի ջերմ ողջույնները, բարեմաղթանքներն ու երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը:
Նախարար Ասլովը ևս գոհունակությամբ է խոսել տարբեր կազմակերպությունների շրջանակներում հայ-տաջիկական սերտ համագործակցության մասին, ընդգծելով, որ միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերում երկու երկրների դիրքորոշումները հաճախ շատ մոտ են: Երկկողմ հարաբերությունների զարգացման համար նախարարը մեծ դեր է վերապահել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին, որի աշխատանքը, նրա համոզմամբ, անհրաժեշտ է ակտիվացնել:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ Նախագահը Տաջիկստանի արտգործնախարարին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան